Այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը հաստատեց տեղեկությունները, որ ինքը չի խառնվել Աբովյանի քաղաքապետի ընտրություններին: Առաջադրված թեկնածու Գրիգոր Գուլյանը իր սրտով չի եղել։
Անդրադառնալով Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանին` պատգամավորը իր անվստահությունը հայտնեց վերջինիս աշխատաոճի վերաբերյալ.
«Ինքն ընդեղ` Աբովյանում ու էդ մարզում, ուզում ա դառնա դեմք։ Վարչությանը բերել, թեկնածու ա ներկայացրել, ես դեմ եմ քվեարկել։ Երկրորդ անգամ էլ, որ պետք է արդեն պաշտոնապես առաջադրվեր ՔՊ-ի կողմից, ես էլի դեմ եմ քվեարկել։ Ու դրանից հետո ես չեմ խառնվել Աբովյանի ընտրություններին, չեմ միջամտել՝ պահելով ՔՊ-ի կարգ ու կանոնը»։
Միքայելյանը խոսեց նաև Աբովյանի վերընտրված քաղաքապետ Վահագն Գրիգորյանի մասին` նշելով, որ նրան ճանաչում է 1995 թվականից, երբ աշխատում էր Ազգային ժողովում.
«Նա այն քաղաքապետերից մեկն է, որը բյուջեն կատարել է 104 տոկոսով, այսինքն՝ բյուջեն գերակատարել է։ Ես ոչ թե չեմ պաշտպանել, այլ չեմ խառնվել ու ՔՊ-ի թիկունքից էլ չեմ խփել»։
ԱԺ պատգամավորի պնդմամբ` Աբովյանի քաղաքապետի ընտրություններում ՔՊ-ն պարտվեց հենց Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի պատճառով, որը անձնավորել է այդ ընտրությունները, բարձր համարել իր դերը դրանում։
«Պատկերացրեք՝ եթե վարչապետը չգնար Աբովյան, ինչ էր կատարվելու այնտեղ։ Մարդիկ կան, որ, պարզ ա, էս շարժման մեջ ժողովուրդը, որ իներցիայի տակ ձայն ա տալիս, իրանք գիտեն, թե դեմք են դառած, մեծ դերակատարություն են ունեցել թավշյա հեղափոխության մեջ։ Եսիմինչ ակտիվ էլ չէր Ռոմանոսը հեղափոխության ժամանակ։ Եթե մենք դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում», - ասաց Միքայելյանը։



