2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է մի շարք հողատարածքներ:
Վերոնշյալ հողատարածքների ցանկում է եղել Կոտայքի մարզի քաղաքի Սևանի փողոցի 1/3/3 հասցեում գտնվող հողամասը, որն օտարվել է Աբովյանի քաղաքապետ Կ.Գ.-ի 2011 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 1180 որոշմամբ:
Գլխավոր դատախազությունը, պետական շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակներում, 2025 թվականի հուլիսի 2-ին հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ Աբովյան համայնքի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին։
Հակակոռուպցիոն դատարանի՝ 2025 թվականի նոյեմբերի 14-ի վճռով՝ Գլխավոր դատախազության հայցը բավարարվել է:
Վճռով անվավեր է ճանաչվել Աբովյան համայնքի կողմից կայացված աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև 2011 թվականի սեպտեմբերի 23-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:
Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աբովյան համայնքին կվերադարձվի Սևանի փողոցի 1/3/3 հասցեում գտնվող՝ 1 միլիոն 452 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողամասը:
Հիշեցնենք նաև, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում գտնվող գործով Կ.Գ.-ն մեղադրվում է հողատարածքներ ապօրինի օտարելու (65 դրվագ), պաշտոնեական կեղծիքի (49 դրվագ), փողերի լվացման (2 դրվագ) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:



