Աբխազիայի նախագահը հրաժարական է ներկայացրել

Կառավարության և ընդդիմության ներկայացուցիչները բանակցություններից հետո համաձայնագիր են ստորագրել, ըստ որի՝ Աբխազիայի Հանրապետության նախագահ Ասլան Բժանիան հրաժարական է տալիս, հայտնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Երկրում կայունությունն ու սահմանադրական կարգը պահպանելու համար, Աբխազիայի Հանրապետության Սահմանադրության 65-րդ հոդվածի համաձայն, ես հրաժարական եմ ներկայացնում Աբխազիայի Հանրապետության նախագահի պաշտոնից»,- ասված է Բժանիայի հայտարարության մեջ։

Բացի այդ, պայմանավորվածության համաձայն, կառավարական շենքերի համալիրի տարածքում և ներսում հավաքված քաղաքացիները պետք է ցրվեն նոյեմբերի 19-ին:

Այս կետը չկատարելու դեպքում նախագահ Բժանիան հետ կկանչի իր հրաժարականը։

Նոյեմբերի 19-ին Աբխազիայի Հանրապետության Ժողովրդական ժողով-խորհրդարանը կքննարկի Աբխազիայի նախագահ Բժանիայի հրաժարականը, իսկ ներկայիս փոխնախագահ Բադրա Գունբան կդառնա պետության ղեկավարի պաշտոնակատարը։

Վարչապետ Ալեքսանդր Անկվաբը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և միևնույն ժամանակ նշանակվել է Վալերի Բգանբան: Ներկայիս նախարարներն իրենց պարտականությունները կկատարեն այնքան ժամանակ, քանի դեռ Աբխազիայի Հանրապետության նորընտիր նախագահը չի ստանձնել իր պարտականությունները, ինչպես նշված է կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների համաձայնագրում։

Հիշեցնենք, որ Աբխազիայի մայրաքաղաք Սուխումում մի քանի օր է մարդիկ բողոքի ցույց են անցկացնում խորհրդարանի և նախագահական նստավայրի մոտ՝ ընդդեմ Ռուսաստանի հետ ներդրումային համաձայնագրի կնքման։  Աբխազիայի բարձրագույն օրենսդիր մարմինն պետք է քննարկեր ՌԴ-ի հետ ներդրումների մասին միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու հարցը։ Սակայն, պատգամավորների որոշմամբ, հանդիպումը չեղարկվել էր։
 
Հոկտեմբերի 30-ին Ռուսաստանը և Աբխազիան համաձայնագիր են ստորագրել, որը թույլ է տալիս ռուսական ընկերություններին ներդրումային գործունեություն ծավալել հանրապետությունում։ Համաձայնագրի վավերացումը նախատեսված էր նոյեմբերի 15-ին։ Աբխազական ընդդիմությունը կարծում է, որ այս համաձայնագիրը կհանգեցնի «օլիգարխիայի ընդլայնմանը» և Աբխազիայի կողմից տնտեսական ինքնիշխանության կորստի։ Նոյեմբերի 11-ի երեկոյան անվտանգության ուժերը ձերբակալել են համաձայնագրի հակառակորդներին։ Դրանից հետո բողոքի ալիքը տարածվել է ամբողջ Աբխազիայում։