Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին դիմել է Սահմանադրական դատարան՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված ճանաչելու համար։ Այս մասին լրագրողներին հայտնել է Էկա Բեսելիան, որը դատարանում կներկայացնի Զուրաբիշվիլիին,գրում է ՏԱՍՍ-ը:
«Այս հայցը վերաբերում է երկու սահմանադրական իրավունքների խախտմանը: Առաջինը համընդհանուրության սկզբունքի խախտում է, որն արտահայտվել է նրանով, որ արտերկրում ապրող մեր համաքաղաքացիները ոչ միայն սահմանափակվել են իրենց սահմանադրական իրավունքներում, այլև նրանց արգելվել է մասնակցել ընտրություններին: Երկրորդ կարևորագույն սկզբունքը քվեարկության գաղտնիությունն է։ Մեկից ավելի ապացույցներ կան քվեարկության գաղտնիության խախտման վերաբերյալ, ինչը սահմանադրական ստանդարտի խախտում է»,- ասել է Բեսելիան։
Վրաստանի ԿԸՀ-ն նոյեմբերի 16-ին հրապարակել է հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների ամփոփիչ արձանագրությունը, որի համաձայն հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ հավաքելով ձայների 53,93 տոկոսը և խորհրդարանում ստանալով 150 մանդատից 89-ը: Խորհրդարան են անցել նաև չորս ընդդիմադիր կուսակցություն, սակայն նրանք չեն ընդունում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են պատգամավորական տեղերից: Խորհրդարանը պետք է հավաքվի ոչ ուշ, քան ամփոփիչ արձանագրության հրապարակումից հետո տասներորդ օրը՝ նախագահի հրավերով: Սակայն, եթե նախագահը հրաժարվի խորհրդարան գումարել, օրենսդիր մարմինը կհավաքվի ինքնուրույն։
Ընդդիմադիրները արդյունքները կեղծված են համարում, պահանջում են միջազգային հետաքննություն և նոր խորհրդարանական ընտրություններ: