
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) շենքում տեղի ունեցավ աշխատաժողով՝ «Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման խնդիրները աշխատավայրում» թեմայով:
ԱԱՏՄ ղեկավար Սլավիկ Սարգսյանն աշխատանքի անվտանգության և առողջության միջազգային օրվա առթիվ կազմակերպված համաժողովի ժամանակ իր խոսքում շեշտեց, որ տվյալ կառույցի գործունեության հիմքում յուրաքանչյուր աշխատողի համար անվտանգ ու առողջ աշխատանքային միջավայրում աշխատելու իրավունքը գերակայությունն է։
«Աշխատանքի անվտանգությունը ոչ միայն օրենսդրական պահանջ է, այլև բարոյական պարտավորություն։ Յուրաքանչյուր աշխատող իրավունք ունի աշխատելու այնպիսի միջավայրում, որտեղ նրա կյանքն ու առողջությունը պաշտպանված են։ Աշխատանքի իրավունքը ոչ միայն աշխատավարձի և պայմանագրային հարաբերությունների մասին է, այն առաջին հերթին վերաբերում է մարդու առողջության և կյանքի անվտանգության երաշխավորմանը։ Ցավոք, մենք դեռ ականատես ենք լինում դեպքերի, երբ մարդկանց վերոհիշյալ իրավունքը վտանգվում է անվտանգության կանոնները չպահպանելու, ռիսկերը սխալ հաշվարկելու կամ ուղղակի անտարբերության հետևանքով»,- ասաց Սարգսյանը։
Նա հավելեց, որ ՀՀ-ում փորձ է արվում օրենսդրությունը համապատասխանեցնել միջազգային չափանիշներին և այդ համատեքստում տվյալ կառույցի նպատակն է ոչ միայն արձանագրել խնդիրները, այլև առաջարկել հստակ լուծումներ՝ ինչպես օրենսդրական փոփոխություններ, այնպես էլ աշխատանքային մշակույթի ձևավորում, որտեղ մարդու կյանքն ու առողջությունը կլինեն առաջնահերթություն։
«Օրվա կարգախոսը հետևյալն է՝ «2025 թվականին հեղափոխական մոտեցումներ աշխատանքի անվտանգության և առողջապահության նկատմամբ.արհեստական բանականության և թվայնացման դերն աշխատավայրում»։ Մասնագիտական օրն առիթ է, որպեսզի պատկան մարմինները, արհմիությունները, գործատուները, ՀԿ-ները, աշխատողներն ու բոլոր շահագրգիռ կողմերը միասին աշխատեն՝ ստեղծելով այնպիսի միջավայր, որտեղ յուրաքանչյուրն իրեն կզգա պաշտպանված և գնահատված»,- ասաց ԱԱՏՄ ղեկավարը։
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը նշեց, որ հատկապես վերջին տարիներին ակնհայտ է ոլորտի նկատմամբ մեծացող հետաքրքրությունը։
«Երբ խոսում ենք Սահմանադրությամբ ամրագրված յուրաքանչյուրի արժանապատիվ աշխատանքի իրավունքի մասին, ապա մեզ համար կարևոր հարցադրում պետք է լինի, թե ինչ է արժանապատիվ աշխատանքը։ Արդյոք դա միայն արդար վարձատրությո՞ւնն է, արդյոք միայն գործատուի և աշխատողի փոխադարձ վերաբերմո՞ւնքն է, թե՞ նաև այն իր մեջ ներառում է արժանապատիվ պայմաններ, այդ թվում՝ անվտանգության և կյանքի։ Կարևորն այստեղ առողջության համար անվնաս պայմանների հաշվառմամբ աշխատանքն է։ Այդ ամենի համակցությունն է կազմում արժանապատիվ աշխատանքը»,- ասաց Տիգրանյանը։
Նա հիշեցրեց, որ սկսած այն օրից, երբ աշխատողները սկսեցին բարձրաձայնել աշխատատեղում անվտանգության հարցը, պետություններն, ըստ այդմ, մեկտեղեցին ջանքերը՝ թե՛ տեղեկան, թե՛ միջազգային չափորոշիչներով անվտանգ աշխատանք ապահովելու առումով։
«Տեսչական մարմնի համար մեծ խնդիր և պատասխանատվություն է գործատուներից պահանջել, որպեսզի ապահովեն անվտանգ աշխատատեղեր՝ հաշվի առնելով մի քանի գործոններ։ Անկախ այն հանգամանքից, որ օրենսդրական դաշտը, կարծես թե, բավարար է և տեսչությունն էլ ամբողջ ծավալով իրականացնում է Աշխատանքային օրենսդրության պահանջների նկատմամբ հսկողությունը՝ որոշ դեպքերում առկա է իրավական դաշտի անկատարություն, ինչը խանգարում է տեսուչներին ավելի արդյունավետ գործել։ Նկատվում է նաև նորմատիվների բացակայություն կամ չափիչ գործիքակազմի բացակայություն տեսուչների համար»,- ասաց Տիգրանյանը։
Նրա կարծիքով՝ տվյալ քննարկումներն ու հանդիպումները պետք է ևս մեկ անգամ հարթակ հանդիսանան՝ բարձրաձայնելու կարևոր խնդիրները, որպեսզի հասցեական մոտեցում լինի, և եթե խնդիրն օրենսդիրների դաշտում է, ապա նրանք պետք է ստանձնեն այդ խնդիրները լուծելու հանձնառություն, որպեսզի գործատուները դրսևորեն ավելի պատասխանատու վարքագիծ և անտարբեր չլինեն իրենց աշխատողների առողջության նկատմամբ։
«Այս ամենը պահանջում է վարքագծային փոփոխություն, ինչպես նաև քաղաքականությունների փոփոխություն։ Վերջինիս առումով մենք պատրաստակամ ենք, իսկ առաջինի դեպքում հնարավոր կլինի արդյունքի հասնել ժամանակի ընթացքում»,- եզրափակեց Տիգրանյանը։
Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշեց, որ այն, ինչ փորձում է անել գերատեսչությունն օրենքներով ու կարգավորումներով մշակույթ և վարքագիծ փոխելու համար, իսկապես կարևոր է, որովհետև առողջ և անվտանգ պայմանների առկայությունը մարդակենտրոն քաղաքականություն է՝ հաշվի առնելով շահավետությունը թե՛ գործատուի, թե՛ աշխատողի համար։
«Այլ հարց է, որ այսօր անհրաժեշտություն է առաջացել՝ տարածելու այդ նոր մշակույթի փոփոխությունը։ Տեսչական մարմինը նախևառաջ ոչ թե պատժող, այլ աջակցող, խորհրդակցող կառույց է, ինչը կարևոր գործոն է և հնարավորություն է տալիս ավելի հեշտ հասնել մեր առջև դրված նպատակների, նորմատիվ ակտերի ու կարգավորումների իրականացմանը։ Համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ միայն խորհրդակցելով և համագործակցելով հնարավոր է լուծել առկա խնդիրները։ Օրենսդրական դաշտը միշտ ունի կատարելագործման կարիք, առավել ևս, որ մենք ունենք կարևոր խնդիր՝ բարելավել առկա անվտանգ աշխատանքային նորմերը։ Կառավարությունն այդ հարցում հանձնառու է։ Գերնպատակն այն է, որ գործատուներն ու աշխատողներն ունենան արժանապատիվ գործելու հնարավորություն։ Կառավարությունն առաջնորդվում է սոցիալական արդարության գաղափարախոսությամբ և մշտապես ձգտում է այն կյանքի կոչել»,- ասաց փոխնախարարը։
Աշխատանքի միջազգային կազմակերպության ազգային համակարգող Նունե Հովհաննիսյանն էլ ասաց, որ փոփոխությունների արդյունքում պետք է ուշադրություն դարձնել աշխատանքային պայմանների պահպանմանը, սոցիալական արդարության շահառու հանդիսացող աշխատողների անվտանգությանը, ինչպես նաև բացահայտել մարդկանց հմտությունները:
«Հետագա քաղաքականությունները պետք է ուղղված լինեն այդ հմտությունների զարգացմանը, որպեսզի ապահովվի նաև համապատասխանությունն աշխատաշուկայի պահանջներին։ Հայաստանում Աշխատանքի միջազգային կազմակերպությունն աջակցում է գործընկերներին։ Ներկայում փորձում ենք կառավարության հետ իրականացնել հետազոտություն՝ նվիրված հարթակային տնտեսության աշխատողների աշխատանքային պայմաններին։ Կառավարությունը քայլեր է ձեռնարկում նաև նոր կոնվենցիաների վավերացման ուղղությամբ»,-ասաց Հովհաննիսյանը։
Նա հիշեցրեց, որ երկու տարի առաջ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը հիմնարար փաստաթղթերի շարքը համալրեց երկու նոր կոնվենցիաներով, որոնք նվիրված են աշխատանքի անվտանգությանը։
«Այս հարցը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է։ Հայաստանում գործընկերները ևս կարևորում են այն։ Մենք ԱՄՆ-ի աշխատանքի դեպարտամենտի աջակցությամբ 2021 թվականից իրականացնում ենք ծրագիր, որն ուղղված է աշխատանքի տեսչության կարողությունների զարգացմանը։ Ծրագրի շրջանակում արդեն իսկ կատարվել է ահռելի աշխատանք՝ թե ՛օրենսդրական նորմերի, թե՛ քաղաքականության մշակման, թե՛տեսչական մարմնի կարողությունների զարգացման առումով։ Մեր գործընկերները նույնպես համախոհ են մեզ հետ այն հարցում, որ ժամանակակից աշխարհում գլոբալ մարտահրավերներին պետք է արձագանքել հավուր պատշաճի»,- եզրափակեց Հովհաննիսյանը։