Փաշինյանը բացառել է Վանեցյանի տարբերակը


Օրեր առաջ Փաշինյանը իր առանձնատանը հավաքել է ՔՊ վերնախավին և մի լավ կերուխում արել։ Ինչպես հայաստանյան բոլոր հավաքույթները, Փաշինյանի առանձնատան կերուխումը ևս վերածվել է քաղաքական իրավիճակի եռուն քննարկման։

Փաշինյանի առանձնատան հավաքույթից մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել։ Փաշինյանի մի քանի թիմակիցներ մտահոգվել են իրենց վարկանիշի անկմամբ և կասկած հայտնել, որ կարող են 2026 թվականի ընտրություններին պարտվել։

Նրանց հատկապես մտահոգել է այն, որ իրենց վարկանիշի անկման ֆոնին բարձրանում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը. «Փաստորեն մեր քարոզչական ջանքերը ջուրն են գնացել»,– մտահոգվել է Փաշինյանի բաժակի ընկերներից մեկը։

Փաշինյանը հանգստացրել է թիմակիցներին և ասել, որ ինքը ելք կփորձի գտնել. «Վերջին տարբերակ Վահագը (ԿԸՀ ղեկավարը) մեզ օգնական կլինի»,– ասել է Փաշինյանը։

Ներկաներից մեկը կեսկատակ–կեսլուրջ հարցրել է, թե իշխանության պահպանման անհնարինության դեպքում Փաշինյանը ու՞մ կզիջեր այն, արդյո՞ք նախընտրելի կլիներ նրա համար ԱԱԾ նախկին պետ Վանեցյանը։

Փաշինյանը կտրուկ բացառել է Վանեցյանի տարբերակը. «Նախ՝ հիմար խոսակցություն ես բացում, բայց քանի որ բացել ես, ասեմ, որ Վանեցյանին իշխանություն զիջելը բացառում եմ։ Նա շատ կարևոր պայմանավորվածություն է խախտել, որը ներում չունի»,– ասել է Փաշինյանը։