Սերժ Սարգսյանը վարչապետի թեկնածու՞․ ՀՀԿ-ում ք...

Սերժ Սարգսյանի որոշ աջակիցներ մասնակցում են այսպես կոչված իմպիչմենտի թեմայի կուլտիվացմանը։ Թեման առաջ բրդողները հրապարակային չեն հնչեցնում, թե կոնկրետ իրենց վարչապետի թեկնածուն ով է, ում են նրանք պատկերացնում Փաշինյանին փոխարինողի դերում։

Մեր տեղեկություններով, իմպիչմենտի քննարկումների շրջանակում ՀՀԿ-ում քննարկել են նաև, թե ում կարող են իրենք առաջադրել որպես վարչապետի թեկնածու։ ՀՀԿ-ում կա ազդեցիկ մի շրջանակ, որը կարծում է, որ պետք է առիթը օգտագործել և իմպիչմենտի գործընթացում ներգրավվել լիարժեքորեն՝ առաջադրելով Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Նրանք համոզված են, որ ՔՊ-ում շատերը պատրաստ կլինեն քվեարկել Սերժ Սարգսյանի օգտին, քանի որ այդ մարդիկ 2018-ից առաջ վայելել են իշխանությունների աջակցությունը և ֆինանսավորվել են նրանց կողմից։ ՀՀԿ-ի նշված շրջանակը, ելնելով Սերժ Սարգսյանի կողմից պարբերաբար իրենց հրամցվող սոցիոլոգիական հարցումների արդյունքներից, վստահ է, որ ՀՀԿ նախագահի վարկանիշը օր օրի բարձրանում է, և իրենց համոզմամբ ժողովուրդը ևս դեմ չի լինի, որ Սերժ Սարգսյանը վերադառնա իշխանության։ ՀՀԿ-ական այս թևը վստահ է, որ Արևմուտքը ևս ուրախ կլինի Սերժ Սարգսյանի վերադարձով, քանի որ նրա օրոք Արևմուտքի ծրագրերն առավել ամուր հիմքերի վրա էին դրվում, քան Նիկոլ Փաշինյանի օրոք։

Մեր աղբյուրները չեն բացառում, որ ի վերջո այս թևը կարողանա համոզել մնացած ՀՀԿ-ականներին, և նրանք ուղիղ մասնակցեն իմպիչմենտի գործընթացին՝ իհարկե Սերժ Սարգսյանին ունենալով որպես վարչապետի թեկնածու։