Նախատեսվում է մասնավոր կազմակերպությունների կողմից Hyundai մակնիշի փոքր դասի հին ավտոբուսներով սպասարկվող 9 ավտոբուսային երթուղիների աշխատանքը 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցնել, դրանք փոխարինել JongTong մակնիշի նոր, միջին դասի, 2 անգամ ավելի տեղատարողությամբ ավտոբուսներով: Այդ մասին զեկուցվեց Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում առանձին երթուղիներում կնվազեն շարժակազմի միջակայքերը, կբարելավվի երթուղիների սպասարկման վիճակը, կբարձրանան երթուղիների շահագործման արդյունավետությունն ու ուղևորների սպասարկման որակը:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն արձագանքեց՝ կարևոր է, որ մասնավոր կազմակերպությունների կողմից փոքր դասի ավտոբուսները փոխարինվում են նոր ներկրված ավտոբուսներով, որ տարողությամբ կրկնակի ավելի են:
«Սա նշանակում է, որ այդ շարժակազմերի փոխարինումը բերելու է այդ գծերի սպասարկման էական բարելավում, այսինքն՝ այն պատկերը, որ ունեինք այդ գծերում՝ լցվածությունը և ծանրաբեռնվածությունը, չենք տեսնելու:
Կարևոր է, որ ավելացնում ենք տարբեր գծերում շարժակազմեր, որտեղ ունենք ժամանակին խնդիրներ, բավարար չափով ավտոբուս չունեինք այդ գծերում: Ստացվում է՝ 76 գծից 29-ում ունենք փոփոխություններ, և բոլոր այդ փոփոխությունները դրական փոփոխություններ են: Դա 40 տոկոսն է մեր գծերի, այսինքն՝ 40 տոկոս գծերում բարելավումներ ենք ունենում այս գործողություններով»,-ասաց նա: