Այսօր փետրվարի մեկին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ծննդյան տարեդարձն է։ Ընթերցողները կհիշեն թերեւս, թե ինչպես անցյալ տարի նշվեց նրա ծննդյան օրը։ Համեստ, տնային պայմաններում, դուստրերի հետ։ Հայաստանյան հասարակության մեջ մի որոշակի շերտի համար այդ տեսանյութը դարձավ կռվան, պաշտպանելու համար վարչապետին ու նրա ընտանիքին, որ նրանք համեստ են, գրեթե սովորական ժողովրդի նման են ապրում, ու օրինակ են մյուսների համար, թեեւ այդ ժամանակ արդեն որոշ բաներ բացահայտվել էին Փաշինյանների՝ ճոխությունների հանդեպ հիվանդագին հակումից, ինչպես օրինակ անիմաստ Գյումրուց Լոս-Անջելես ուղիղ թռիչք կազմակերպելը՝ ահռելի մեծ գումարով, մի բան, որն ասենք անում են ուկրաինացի օլիգարխները։ Այս տարի արդեն ամեն բան այլ է։
Պատերազմից հետո Հայաստանում այժմյան ստեղծված աղետալի վիճակից հետո, թվում էր, թե Աննա Հակոբյանը պետք է գոնե տարրական բարոյականություն ամոթ եւ չնշի իր ծննդյան օրը։ Սակայն օրեր առաջ հայտնի դարձավ, որ նա մեկնել է Միացյալ Նահանգներ՝ իր ծննդյան օրն այնտեղ նշելու համար։
Ի դեպ, նա դրանից առաջ Մոսկվա էր մեկնել ու գերթանկարժեք պայմաններում Հին Նոր տարի նշել։ Փաստորեն արդեն բոլոր դիմակները մի կողմ են նետվել եւ առերեւույթ համեստության ու «խոնարհ հարսի» կերպար պահպանելու առիթ էլ չկա, ու կարելի է անել բաներ, որոնք թերեւս միայն հետեւյալ բնութագրմանն են արժանի՝ «խրախճանք ժանտախտի ժամանակ»։



