44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցի...

44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի աշխատանքը կավարտվի այն ժամանակ, երբ ես լիագումար նիստում ելույթ կունենամ եւ կներկայացնեմ զեկույցը: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 17-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Քանի դեռ ես ելույթ չեմ ունեցել, աշխատանքը դեռ չի ավարտվել: Ժամկետը մինչև ութերորդ գումարման լիագումար նիստերի ժամկետն է, բայց բանը դրան չի հասնելու հաստատ, որովհետև զեկույցը ոչ միայն պատրաստ է, այլեւ փորձաքննությունների փուլն է մտել, այսինքն գաղտնիության հետ կապված, որ վաղը որևէ շահարկումներ չլինեն, որովհետև պարզ չի նիստին ով կմասնակցի, ով ոչ:

Ով որ չունի այդ հնարավորությունը, չի մասնակցելու: Նիստը լինելու է փակ, որովհետեւ այն գաղտնիությունը, որ ունի այդ զեկույցը, չի ունեցեք քառռօրյա պատերազմի ժամանակ ուսումնասիրված զեկույցը»,-ասաց նա:

Անդրանիկ Քոչարյանի խոսքով, հանրությունն այս զեկույցի մասին իմանալու է այնքան, ինչքան թույլատրելի է. «2040 թվականին են իմանալու, երբ բոլորը մահացած կլինեն: Հարցերի պատասխանները կիմանան բոլոր բոլոր պետական կառույցների ղեկավարները, նաև այն լրագրողները, որոնք գաղտնիության ռեժիմի հետ կապված ունեն թույլտվություն։

Քրեական գործեր չեն կարող չհետևել, քրեական գործեր հիմա էլ կան։ Հիմա ես չեմ ասի ինչքան քրեական գործեր կան 44-օրյա պատերազմի ընթացքում, բայց լիագումար նիստի ժամանակ, ես այդ բոլոր թվերը հնչեցնելու եմ։ Դրանք հազարներ են, հազարներ են»,- ընդգծեց Քոչարյանը: