Արարատի մարզի Հայանիստ համայնքի մի ամբողջ թաղամաս՝ Գետաշենը, զրկված է ջրից՝ թե՛ խմելու, թե՛ ոռոգման: Թաղամասում 171 տնտեսություն կա՝ շուրջ 400 բնակչով:
Ջրի խնդիրը նոր չէ. գետաշենցիները 30 տարի շարունակ նույն պայմաններում են, թեև ընթացքում եղել են ժամանակահատվածներ, որ խնդիրը լուծվել է:
Politik.am-ը փորձել է հետաքրքրվել՝ երբ խնդրին վերջնական լուծում կտրվի: Մենք զրուցել ենք համայնքի ղեկավար Բալաբեկ Սարկիսյանի հետ: Վերջինս նշում է, որ այս ամբողջ ընթացքում Գետաշենի ջրի խնդիրը եղել է իրենց ուշադրության կենտրոնում: «Գյուղը 2350 բնակիչ ունի, որոնից այս 400-ի մոտ է խնդիրը: Տարիներ շարունակ բազմաթիվ վեճեր են եղել խնդրի լուծման համար: Նախորդ տարի մեզ հաջողվեց ապահովել թաղամասը ջրով, բայց մի այլ խնդիր էլ այդ ժամանակ առաջացավ: Պարզվեց՝ շինաշխատանքները նորմալ չեն իրականացվել, խողովակներն անորակ են եղել, և, արդյունքում, բնակիչներն էլի չկարողացան օգտվել ջրից»,-պատմում է համայնքապետը:
Վերջինս տեղեկացնում է, որ փորձագիտական խումբ է հրավիրել համայնք՝ ուսումնասիրություններ կատարելու և հատսկ պարզելու, թե ինչու են շինաշխատանքներն անորակ եղել: Փորձագիտական խումբը գյուղում կլինի առաջիկա օրերի ընթացքում: Փաստերի հավաքագրումից հետո համայնքապետը պատրաստվում է դիմել դատարան, որպեսզի դատական կարգով խնդրին լուծում տրվի:



