Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը:
լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀԾԿՀ նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը:
«Այս գործընթացն այսօրվա նիստով (խմբ. նկատի ունի ՀԾԿՀ-ի նիստը, որի ընթացքում ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու որոշում ընդունվեց) չի ավարտվում: Ենթադրում եմ, որ կողմերը կփորձեն իրենց իրավունքները պաշտպանել այլ ատյաններում: Հետևաբար, պրոցեսը դեռ ունի շարունակություն՝ նաև այն իմաստով, որ այսօրվա նիստի որոշմամբ մենք ընդամենը դադարեցրեցինք «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ՓԲԸ-ի լիցենզիան: Բայց օրենքով նախատեսվում են գործընթացներ: Առաջիկա 3 ամիսներին պետությունը ընկերության սեփականատիրոջ կամ տնօրենների խորհրդի հետ կսկսի բանակցել գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ: Եթե այդ 3 ամսվա ընթացքում կողմերը չգան համաձայնության, ապա դրանից հետո պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը»,-ասաց հանձնաժողովի նախագահը:
Մեսրոպյանը հավելեց, որ ՀԾԿՀ-ն փորձել է առավելագույնս ապահովել բոլոր կողմերի լսելի լինելը նիստի ընթացքում: Այս 3 օրվա ընթացքում 150-ից ավելի հարցեր հնչեցին, տրվեցին պատասխաններ: Այլ բան է, թե պատասխանները որ կողմին ինչքանով բավարարեցին»,-նկատեց Մեսրոպյանը:
Հայաստանի հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիան դադարեցնելու որոշումն ընդունեց նոյեմբերի 17-ին՝ մի քանի օր տևած քննարկումներից հետո:
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2025 թվականի հունիսի 18-ին հայտարարել էր, որ հասունացել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը պետականացնելու պահը։
2025 թվականի հուլիսին Հայաստանի խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀԷՑ-ի պետականացմանը միտված օրենսդրական նախաձեռնությունը, որով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին տրվել էին նոր լիազորություններ։ Մասնավորապես, օրենքով սահմանվել է՝ եթե լիցենզավորված կազմակերպության գործունեությունն ունի բարձր ռիսկայնություն, կառավարության լիազոր մարմինը կարող է հաղորդում ներկայացնել, հնարավոր դարձնել կանխարգելիչ միջոցների կիրառումը մինչ վարույթի հարուցումը, հստակեցնել այդ միջոցների տեսակները, կիրառման կարգը և իրավաչափության պայմանները։
Հուլիսի 18-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ։
ՀԷՑ-ի սեփականատերը «Տաշիր Կապիտալ» ընկերությունների խումբն է, որը ՀԷՑ-ում ժամանակավոր կառավարիչ նշանակելու որոշումը վիճարկել էր Ստոկհոլմի արբիտրաժային դատարանում։



