«Նոր ծրագրով առաջարկում ենք 3 հիմնական փուլ, որոնցից առաջինը կրթական էլեկտրոնային վաուչերներն են: Շահառուներին կտրամադրվի մինչև 250 հազար դրամ արժողությամբ մեկանգամյա վաուչեր՝ մասնագիտական ուսուցում անցնելու համար: Այն հնարավոր կլինի օգտագործել տրամադրումից հետո 6 ամսվա ընթացքում ԿԳՄՍՆ-ի կողմից երաշխավորված ոչ ֆորմալ կրթության մոդուլային ծրագրեր իրականացնող կազմակերպություններում, իսկ ուսուցման ավարտին շահառուն կստանա համապատասխան վկայական»,- այս մասին այսօր Կառավարության նիստում նշեց Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը՝ ներկայացնելով «Զբաղվածության ապահովման ծրագիրը հաստատելու մասին» նախագիծը։ Նրա խոսքով՝ հաջորդ փուլում նախատեսվում է ֆինանսական աջակցություն գործատուին: «Վաուչերով ուսուցում անցած, վկայական ստացած անձին համապատասխան մասնագիտությամբ աշխատանքի ընդունելու և նրա հետ առնվազն 3 ամիս ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքելու դեպքում գործատուին կփոխհատուցվի աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարը: Առաջին 3 ամիսներին՝ 50 տոկոսի չափով, առավելագույնը 25 հազար դրամ, իսկ 4-6-րդ ամիսներին՝ 100 տոկոսի չափով, ամսական առավելագույնը 50 հազար դրամ: Կա նաև միանվագ աջակցություն շահառուին, եթե աշխատանքային հարաբերությունները 3 ամիս շարունակվեն՝ 100 հազար դրամի չափով, իսկ 12 ամիս շարունակվելու դեպքում՝ 200 հազար դրամի չափով»,- մանրամասնեց Թորոսյանը՝ հավելելով, որ ծրագրի մեկնարկը նախատեսվում է 2027թ․ հունվարի 1-ից:



