Կառավարությունը 148 մլն դրամ կհատկացնի Մատենա...

Հայաստանի կառավարությունը հոկտեմբերի 22-ին որոշեց պետական բյուջեի պահուստային ֆոնդից 148,5 մլն դրամ (ավելի քան 370,000 եվրո) հատկացնել Մատենադարանին՝ արտերկրում գտնվող երկու հայկական ձեռագիր ձեռք բերելու և Հայաստան տեղափոխելու համար։ Խոսքը 1353-ին Կիլիկիայում՝ Դրազարկում, Սարգիս Պիծակի ընդօրինակած ժողովածուի և 1695-ին Նոր Ջուղայում Ազարիա գրիչի ընդօրինակած Ավետարանի մասին է։

Կառավարության որոշման նախագծի հիմնավորման համաձայն՝ երկու ձեռագրերը պատկանում են Ջեսելսոնի հավաքածուին, որի ներկայիս սեփականատերը «INLIBRIS Gilhofer Nfg. GmbH» ընկերությունն է։

Մատենադարանի տնօրենի գլխավորած պատվիրակությունը 2026-ի օգոստոսի 20-23-ը Վիեննայում հանդիպել է հավաքածուի սեփականատեր Հյուգո Վեցչերեկի հետ և բանակցել այս և ևս երեք հայկական ձեռագրերի ձեռքբերման շուրջ։

Նախնական առաջարկը կազմել է 600,000 եվրո։ Հինգ ձեռագրերը միասին ձեռք բերելու պայմանով կողմերին հաջողվել է գինը նվազեցնել մինչև 505 հազար եվրո՝ ներառյալ առքուվաճառքի հետ կապված բոլոր հարկերն ու այլ վճարները։ Վեցչերեկը նաև համաձայնել է առնվազն վեց ամսով Մատենադարանին տրամադրել առաջնահերթ գնորդի կարգավիճակ։

1353-ին Դրազարկում ընդօրինակված ժողովածուն գնահատվել է 250,000 եվրո։ Այն ներառում է ճառեր, սրբերի վարքեր և պարականոն բնագրեր։ Ձեռագրի առանձնահատկություններից է նաև կազմին ամրացված փղոսկրե հարթաքանդակը, որը դեռևս բավարար չափով ուսումնասիրված չէ։ Այն Հայաստան տեղափոխելը հնարավորություն կտա հետազոտելու հարթաքանդակի ծագումը, թվագրումն ու նշանակությունը, ինչպես նաև դրա կապը միջնադարյան ձեռագրական արվեստի հետ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնեց, որ ձեռագիրն ունի նաև պատառիկ պահպանակներ, որոնք պարունակում են հատվածներ Ղուկասի ավետարանից։

Երկրորդ ձեռագիրը 1695-ին Նոր Ջուղայում Ազարիա գրիչի ընդօրինակած և ծաղկած Ավետարանն է՝ գնահատված 95 հազար եվրո։ Նշվում է, թե այն աչքի է ընկնում հարուստ մանրանկարչությամբ, գունային լուծումներով և Նոր Ջուղայի մանրանկարչական դպրոցին բնորոշ նուրբ գծանկարչությամբ։ Նախագծի հեղինակների գնահատմամբ՝ այն այդ դպրոցի լավագույն նմուշներից է։

Մատենադարանը «Մատյանների տունդարձը» նախաձեռնության շրջանակում նախատեսում է համահայկական դրամահավաք կազմակերպել՝ հավաքածուի մնացած ձեռագրերը ևս ձեռք բերելու նպատակով։ Հավաքածուում, բացի կառավարության աջակցությամբ գնվելիք երկու մատյաններից, կան ևս երեք հայկական ձեռագրեր՝ 1586-ի Մաշտոց ձեռաց, 17-րդ դարի Աստվածաշունչ և 17-րդ դարի Ավետարան։

Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է 148,5 մլն դրամը հատկացնել պահուստային ֆոնդից՝ երկու ձեռագրերի գնման և Մատենադարան տեղափոխման համար։

Նախարարը նաև հայտնեց, որ 2025-ին պետական բյուջեից 332 մլն դրամ է ուղղվել մշակութային արժեքների ձեռքբերման և տարբեր թանգարանների հավաքածուների համալրման համար։ Ըստ Ժաննա Անդրեասյանի՝ 2025-ի ցուցանիշը 2024-ի համեմատ 29 անգամ ավելի է։

Նախագծի հեղինակների համոզմամբ՝ պետական աջակցությունը կնպաստի հայկական ձեռագրական ժառանգության պահպանմանը, ինչպես նաև խթան կլինի հավաքածուի մյուս ձեռագրերը վերադարձնելու համահայկական դրամահավաքի համար։