250 հազար դոլարանոց ժամացույց․ ՔՊ-ական մարզպե...

Երեկ Ժողովուրդ օրաթերթի հրապարակումը Արմավիրի ՔՊ-ական մարզպետ Վահրամ Խաչատրյանի՝ 33 հազար դոլար արժեցող ձեռքի ժամացույցի մասին մեծ անհանգստություն էր պատճառել իշխանություններին։ Նրանք ջանք ու եռանդ չեն խնայում ժողովրդին համոզելու, թե նախկին՝ պարտքով գարեջուր խմողների կերպարով հանդես եկողներն են և շատ լավ են հասկանում ժողովրդի դարդն ու ցավը։

ՔՊ-ականները լավ գիտեն, որ երբ ժողովուրդը սկսի տեսնել իրենց օլիգարխացումը, ապա իրենց քաղաքական վերջը կգա հենց իրենց հավատացող միամիտ քաղաքացիների կողմից։ Դրա համար փորձում են բոլորը միասին թաքնվել Նիկոլ Փաշինյանի «բուլաթից ատամի» հետևում, բայց իրականությունից չես փախնի։

33 հազար դոլար արժողությամբ ժամացույց կրող Վահրամ Խաչատրյանը նույնիսկ շարքային աղքատն է երևում ՔՊ-ական մեկ այլ մարզպետի՝ Վայոց Ձորի մարզպետ Վահագն Արսենյանի ֆոնին։ Վերջերս վերջինս մի լուսանկար էր հրապարակել, որտեղ իր ձեռքին երևում է գերթանկարժեք ժամացույց։ Դա Nautilus ref. 5990/1R-001 Rose Gold մոդելն է, որի գինը տատանվում է 250 հազարից մինչև 313 հազար դոլար։ Ըստ հայտարարագրի՝ նա այս ժամացույցը ձեռք է բերել 2023 թվականին, երբ ՔՊ-ի աջակցությամբ դարձել էր Ջերմուկի քաղաքապետ։ Սա այնպիսի շքեղություն է, որն անգամ չունեին Փաշինյանին աջակցող քաղաքացիների կողմից այդքան ատելի «նախկինները»։

Հետաքրքիր է՝ Փաշինյանին աջակցող, ամսական լավագույն դեպքում 120–150 հազար դրամ վարձատրվող մեր հայրենակիցները կարո՞ղ են պատկերացնել, որ առնվազն 250 հազար դոլար արժեցող ժամացույց կրող մարզպետը կարո՞ղ է մտածել իրենց խնդիրների մասին, կամ  ցանկության դեպքում կարո՞ղ է հասկանալ այդ խնդիրները։

Սա է Փաշինյանի օլիգարխացած կառավարությունը։ Նրանք ապրում են շքեղ կյանքով, բայց շարունակում են որպես ցուցափեղկային նմուշ ժողովրդի աչքի առաջ պահել Փաշինյանի «բուլաթից ատամը», որպեսզի ժողովուրդը չնկատի, թե պարտքով գարեջուր խմողների կուսակցությունը արդեն ունի օլիգարխ մարզպետներ, նախարարներ ու պատգամավորներ։