2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանը կշա...

2026 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանը կշարունակի արևմտամետ քաղաքականություն վարել և ձգտել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը։ Այդուհանդերձ, սահմանադրական մեծամասնության բացակայությունը, ամենայն հավանականությամբ, կսահմանափակի այս գործընթացը՝ հիմնականում տեխնիկական հարցերի լուծմամբ։ Այս մասին նշված է Stratfor վերլուծական կենտրոնի նյութում։

Ինչպես ընդգծվում է հոդվածում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը խորհրդարանում չունի բավարար թվով մանդատներ՝ Սահմանադրության մեջ ինքնուրույն փոփոխություններ կատարելու համար։

Ամենայն հավանականությամբ, Հայաստանը չի կատարի սահմանադրական փոփոխություններին վերաբերող Ադրբեջանի պահանջները։ Թուրքիան, որը ձգտում է օգտվել Հարավային Կովկասում Ռուսաստանի ազդեցության թուլացումից, կփորձի օգտագործել ստեղծված իրավիճակը. նա կարող է դրդել Ադրբեջանին, որ վերջինս Փաշինյանի թարմացված մանդատը դիտարկի որպես խաղաղության պայմանագրի ստորագրմանն ընդառաջ գնալու հնարավորություն՝ միաժամանակ հետաձգելով Հայաստանի Մայր օրենքում փոփոխություններ անելու պահանջը։

Ըստ այլընտրանքային սցենարի՝ Երևանը, Բաքուն և Անկարան կարող են օգտագործել այս եռամսյակը առանձին սահմանային անցակետերի, ցամաքային ու օդային երթուղիների, ինչպես նաև տրանզիտային կապերի աշխատանքներն ընդլայնելու համար՝ նույնիսկ առանց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման։ Սա թույլ կտա պահպանել հարաբերությունների կարգավորման գործընթացի դինամիկան։

Մոսկվայի միջամտությունը, հավանաբար, կուժեղանա, եթե Փաշինյանն ակնարկի, որ կարող է հանրության շրջանում ոչ միանշանակ ընդունվող սահմանադրական փոփոխությունները ներառել Եվրոպական միությանն ինտեգրվելու կուրսի հետ կապված ավելի լայն հանրաքվեի մեջ՝ հաշվի առնելով եվրաինտեգրման նկատմամբ հանրային աջակցության բարձր մակարդակը։