2026-ից մեկնարկում է համընդհանուր առողջապահակ...

Ազգային ժողովի Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրեց Առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրենսդրական նախագիծը՝ ընդգծելով, որ այն ստեղծում է առողջապահության նոր, փուլային ներդրվող համակարգի հիմքերը։  

Նախարարը նշեց, որ վերջին 3–3,5 տարիների ընթացքում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և Կառավարությունը համատեղ աշխատանքով մշակել են՝ իր խոսքով՝ պատմական նախագիծը, որը նոր համակարգ է ձևավորում առողջության պահպանման ոլորտում։

«Մեր նպատակն է, որ 2029 թվականին ճնշող մեծամասնությունն ունենա այս համակարգի հասանելիությունը և ապահով լինի իր առողջության հետ կապված առաջնային անհրաժեշտ սպասարկմամբ»,- ասաց Ավանեսյանը։

Նա նշեց՝ օրենքով ամրագրված է, որ ապահովագրությունը ներդրվելու է փուլային մոտեցմամբ՝ երեք տարվա ընթացքում։

«Օրենքը մշակվել է զրոյից և կարգավորում է առողջության ապահովագրության ամբողջ իրավական դաշտը՝ սկսած փաթեթի բովանդակությունից մինչև փոխհատուցման կարգ ու բողոքների քննություն»,- ասաց Ավանեսյանը։

Նախարարը նշեց, որ նախագիծն անդրադառնում է ապահովագրության սուբյեկտներին, ապահովագրական փաթեթին, ծառայությունների շրջանակներին, փոխհատուցման մեխանիզմներին, պետական հիմնադրամի ստեղծման կարգին,հիվանդների, ծառայություններ մատուցողների և այլ սուբյեկտների միջև իրավահարաբերություններին։

«Առաջին փուլը կմեկնարկի 2026 թվականին, երբ ապահովագրվելու են երկու խմբեր՝ պետության կողմից ապահովագրվող անձինք՝ մինչև 18 տարեկանները, 65 և ավելի տարիք ունեցողները, 18–65 տարեկան հաշմանդամություն ունեցող անձինք (I, II, III խմբեր), սոցիալական անապահովության 28 և ավելի բալ ունեցող ընտանիքները։ Վերջին խմբի ապահովագրավճարը ամբողջությամբ կհատուցի պետությունը»,- ասաց Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ առաջին փուլով կներառվեն նաև այն անձինք, որոնց ամսական համախառն եկամուտը 200 հազար դրամից ավելի է։

Երկրորդ փուլում՝ 2027-ից, համակարգում ներառվելու են մինչև 200 հազար դրամ աշխատավարձ ունեցող անձինք, հաջորդիվ՝ 2028-ից, մնացած խմբերը, այդ թվում՝ գյուղացիական տնտեսություններում զբաղվածները, նրանց ընտանիքի անդամները։

Նախարարը նշեց, որ օրենքով հստակ սահմանվել է հիմնական ծառայությունների շրջանակը։