Մեր ուսումնասիրություններով 2024 թվականին ԶՈւ-երում արձանագրվել է 39 զինծառայողի մահվան դեպք, որից միայն 4-ն է եղել հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 18-ին, մամուլի սրահում անցկացված «Խաղաղ պայմաններում զինվորների մահվան դեպքերի աճ․ ո՞վ է պատասխանատու» խորագրով քննարկմանը հայտնեց Հելսինկյան քաղաքացիական նախաձեռնության Վանաձորի գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսիսյանը։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովի վերջին լսումների ժամանակ ՀՀ գլխավոր դատախազ Աննա վարդապետյանը հայտնել էր, որ Բանակում 2024-ին զինվորական ծառայության հետ չկապված մահերի թիվը 26 է, որից 5-ը ինքնասպանության եւ ինքնասպանության հասցնելու դեպքեր են:
Նազելի Մովսիսյանի խոսքով, ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերի թիվը նախորդ տարիների հետ համեմատած շատ մեծ է. «Նախորդ ողջ տարվա ընթացքում արձանագրվել էր ոչ մարտական պայմաններում 64 մահվան դեպք և 19 դեպք՝ հրադադարի ռեժիմի հետևանքով։ Այս տարվա մահվան դեպքերի փաստորեն 90 տոկոսը կազմում են ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը:
Եթե համեմատենք վերջին 10-12 տարվա դինամիկան՝ արձանագրում ենք, որ ԶՈւ-երում ոչ մարտական պայմաններում մահացության դեպքերը միջինում կազմում են 80 եւ ավելի տոկոսը»,- ընդգծեց նազելի Մովսիսյանը:
Իրավապաշտպանը նշեց, որ պաշտոնական և իրենց հրապարակած վիճակագրության տարբերության պատճառն այն է, որ 2017 թվականից հետո զինծառայողների մահվան զինվորական ծառայությունների հետ կապված և չկապված դեպքեր տարանջատվել են։
Նա մտահոգիչ համարեց, որ առողջական խնդիրներով կապված մահվան դեպքերը դիտարկվում են որպես ծառայության հետ չկապված դեպքեր. «Այստեղ պետք է հաշվի առնել, թե ինչ պարբերականությամբ են իրականացնում զինծառայողների հետազոտությունները, որ հասկանան՝ այդ անձը կարող էր ծառայություն իրականացնել, թե ոչ: Սրանք պետք է քննության առարկա դառնան»: