2023-ին ունեցել ենք պայթյունի 42 դեպք, 6 մարդ...

2023 թվականի դրությամբ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ունեցել էինք պայթյունների 42 դեպք, որի հետևանքով ունեցել ենք 6 զոհ, 53 տուժած, իսկ 2024 թվականի օգոստոսի 31-ի դրությամբ արդեն ունենք 34 պայթյուն՝ 9 զոհով և 39 տուժածներով: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ հերթափոխի հրահանգիչ, փ\ծ մայոր Արթուր Վարդանյանը։

Նա տեղեկացրեց, որ 34 պայթյունից 24-ը գազի արտահոսքին են վերաբերում, իսկ 2023 թվականին մոտ 30-ն է գրանցված որպես գազի պայթյուն։

Վարդանյանի խոսքով՝ պայթյունների գրեթե բոլոր դեպքերում արձանագրվել է, որ անվտանգության տարրական պայմանները պահպանված չեն: Նա քաղաքացիներին հորդորեց կենցաղում, ավտոտրանսպորտը վարելիս և գազալիցքավորման կետերում խստագույնս պահպանել անվտանգության կանոնները։

Նա հայտնեց որ հիմնականում բնակելի տարածքներում անվտանգության կաննոները չպահպանելու հետեւանքով տեղի է ունենում գազի արտահոսք, գազի բալոններից արտահոս, արդյունքում տեղի են ունենում պայթյուններ, հրդեհի բռնկումներ եւ որպես հետեւանք՝ զոհեր: