200 աշխատատեղի մասին, 2 օր է՝ հայտարարություն...

Երեկ Տավուշում ձերբակալված ցուցարարների հարազատներին դիմելով՝ Տավուշի մարզպետ  Հայկ Չոբանյանը քիչ առաջ ասաց.

«Երկու օր առաջ ընդունեցի բողոքի ակցիայի մասնակիցներին, ովքեր տարբեր հարցեր էին առաջ քաշում: Հաջորդ օրը պայմանավորվեցինք «Հայանտառի» մեր գործընկերների հետ, որպեսզի իրենք էլ մասնակցեն այդ հանդիպմանը: Քննարկեցինք անտառհատման հետ կապված հնարավոր բոլոր հարցերը: Դրա շրջանակներում պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ ևս մեկ անգամ քննարկի «Հայանտառը», հետո նպաստի, որ մարդիկ օրինական կարգով ապահովվեն անտառի տրված հնարավորություններից՝ օրենքի սահմանված կարգով: Թափուկը տրամադրվում է բնակիչներին՝ անվճար, սեփական կարիքները հոգալու համար, երկրորդ տեսակը դա քամատապալն է: Արդեն հայտարարվել է, որ կոնկրետ այն անտառտնտեսությունը, որտեղ կա թափուկի չափաքանակ, բոլորը կարող են օգտվել դրանից: Դիմել, օրինական կարգով ստանալ փաստաթուղթ և օգտվել դրանից»:

Մարզպետը նշեց, որ ցուցարարներն առաջին օրվանից պահանջում են, որ վերացնեն Դիլիջանի անցակետը, որն ուղիղ նշանակում է հետևյալը՝ մենք շարունակելու ենք անօրինական անտառահատումը, փայտը տեղափոխելու ենք և վաճառելու ենք.«Մենք ո՛չ ենք ասում ոչ միայն փայտահատությանը, այլև ցանկացած անօրինականության: 200 աշխատատեղի մասին, 2 օր է՝ հայտարարություն եմ անում և մեկ դիմում չեմ ստացել: Իմ եզրակացությունը հետևյալն է. եթե որևէ մեկն իսկապես սոցիալական կամ աշխատանքի խնդիր ունենար, մինչև այսօր գոնե դիմած կլիներ: Ով որ իր երեխային կերակրելու խնդիր ունի, հենց հիմա ցուցակագրվեք, և մենք ձեզ աշխատանք կառաջարկենք: Դուք այսպես կոռուպցիան ու անարդարությունն եք զարգացնում: Դուրս եկեք, մյուս բնակիչներին հարցրեք, կասեն՝ պատժեք նմաններին, նրանք իրավունք չունեն մեզ պատկանող անտառը ոչնչացնել»:

Խոսելով ձերբակալվածների մասին՝ մարզպետը նշեց, որ այդ հարցը գտնվում է իրավապահ մարմինների ուսումնասիրության և իրավասության ներքո, և որևէ մեկը միջամտելու իրավունք չունի: «Անմեղ են, թե մեղավոր՝ կորոշի ՀՀ օրենսդրությունը: Մեկ տարի առաջ հեղափոխություն ենք արել հանուն արդարության, թույլ չենք տա ճանապարհ փակել հանուն անարդարության»,-ասաց Չոբանյանը: