20-ից ավելի պատգամավորներ երկու տարի առաջ ուն...

Իրավապահները երբեմն իրենց թույլ են տալիս երթևեկության կանոնների այնպիսի խախտումներ, որոնք այլ քաղաքացիներ չեն կատարում կամ կատարելու դեպքում վարչարարության են ենթարկվում. սա վատ օրինակ է հանրության համար: Այդ մասին այսօր՝ ապրիլի 9-ին, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած՝ «Ճանապարհային երթևեկության անվտանգությունը ՀՀ-ում» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյանը:

Ըստ զեկուցողի՝ խնդրահարույց է նաև իրավապահ մարմինների շենք-շինությունների՝  դատախազության, քննչական մարմինների, ոստիկանության, ԱԱԾ-ի մոտ տիրող իրավիճակը:

«Այդ շենքերի հարակից հատվածներում մեքենաները կայանված են մայթերի վրա, և սա ևս, կարծում եմ, շատ վատ օրինակ է քաղաքացիների համար, թե ինչպիսին պետք է լինի իրավապահը»,- ասաց նա:

Մեկ այլ խնդիր է ՆԳՆ-ի և ոստիկանության ծառայողի կողմից պարտականությունները կատարելիս երթևեկության կանոնների խախտման մասով չհարուցված վարույթը. «Ժամանակին ծառայողների նկատմամբ կարգապահական վարույթներ էին իրականացվում, և գոնե պարզվում էր՝ այդ ծառայողը երթևեկության կանոնները խախտել է ծառայության անհրաժեշտությունից ելնելո՞վ, թե՞ չէ: Հիմա՝ վերջին տարիներին, բոլոր վարույթների հարուցումը համատարած մերժվում է, և առհասարակ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում չի էլ քննարկվում՝ այս խախտումն արվել էր ծառայության անհրաժեշտությունից ելնելո՞վ, թե՞ չէ»,- ասաց նա:

ՔՊ-ական պատգամավոր Արմեն Խաչատրյանը նկատեց՝ ներկայացված փաստերը ստուգման արժանի են, ապա տեղեկացրեց, որ երկու տարի առաջ վերլուծություն է արվել, որի շրջանակում պարզվել է՝ 20-ից ավելի պատգամավորներ ունեն լուրջ տուգանքներ. «Անգամ ունենք պատգամավոր, որ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից է զրկվել»: