12-րդ դարի հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկ...

1188 թվականին պատրաստված և քանդակված հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկը, որը ՀՀ պետական միջոցներով գնվել է Լոնդոնի աճուրդից և առաջիկայում կբերվի Հայաստան, կհանգրվանի Հայաստանի պատմության թանգարանում։

Այս մասին հունվարի 7-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Նա ընդգծեց, որ նախարարության կարևոր քաղաքականությունն է շարունակաբար համալրել  մշակութային արժեքների ցանկը։ Այդ նպատակով էլ ՀՀ կառավարությունը վերականգնել է թանգարանների  համալրման բյուջեն, ինչի արդյունքում էլ հնարավոր է եղել ձեռք բերել արժեքավոր նմուշը։

«Կկազմակերպվի ցուցանմուշի առանձին ցուցադրություն, քանի որ այն բացառիկ է։ Աշխարհում մինչ այդ հայտնի էր 8 նման նմուշ։ Այն ներկայացնում է հայկական փայտագործական ավանդույթները, և թե՛ զարդանախշերի կատարման որակով, թե՛ մնացյալ մանրամասներով բացառիկ արժեք է ներկայացնում»,-ասաց Անդրեասյանն ու տեղեկացրեց՝ նախատեսում են համագործակցել Բեռլինի թանգարանի հետ, ծրագրում են Հայաստանի պատմության թանգարանի նմուշների ցուցադրություն կազմակերպել Ակրոպոլիսում, որն ամենաշատ այցելվող զբոսաշրջային վայրերից է։

Ավելի վաղ Ժաննա Անդրեասյանը, խոսելով 12-րդ դարի հայկական եկեղեցու փայտյա դռան փեղկի մասին, նշել էր, որ նմուշը գնելու համար ՀՀ կառավարության որոշմամբ պահուստային ֆոնդից հատկացվել է 175 միլիոն 360 հազար դրամ։ «Փորագրությունները և զարդանախշային համակարգը լիովին համահունչ են հայկական միջնադարյան գեղարվեստական ավանդույթներին և Բագրատունյաց շրջանին բնորոշ մշակույթին»,-նշել էր նա։

Նախարարի խոսքով՝ դռան փեղկը 1980-ականների վերջերին հայտնվել է միջազգային շրջանառության մեջ և գտնվել Նյու Յորքի մասնավոր հավաքածուում։ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը միջազգային աճուրդների մշտադիտարկման շրջանակում ուսումնասիրում է հայկական մշակութային ժառանգությանը վերաբերող նմուշները և, հնարավորության դեպքում, ձեռնարկում դրանց ձեռքբերման քայլեր։

Անդրեասյանն ընդգծել էր, որ իրականացվել են ռադիոածխածնային վերլուծություններ, որոնք հաստատում են փեղկի թվագրումը, ինչպես նաև կան հրապարակված գիտական հոդվածներ՝ վկայող դրա մշակութային նշանակության մասին։ Բացի այդ, հայաստանյան մասնագետը գործուղվել է տեղում ուսումնասիրություն իրականացնելու համար և հաստատել է նմուշի իսկությունը և բացառիկ արժեքը։