12 երկրների քաղաքացիներին կարգելվի այցելել Մի...

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 4-ին վերականգնել է իր առաջին նախագահական ժամկետի քաղաքականությունը և հայտարարել, որ 12 երկրների քաղաքացիներին կարգելվի այցելել Միացյալ Նահանգներ, իսկ 7 այլ երկրների քաղաքացիների նկատմամբ մուտքի սահմանափակումներ կմտցվեն։ Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Արգելքն ուժի մեջ կմտնի հունիսի 9-ին։ 12 երկրներից մի քանիսի նկատմամբ մուտքի արգելք էր սահմանվել նաև Թրամփի առաջին նախագահության ընթացքում։ Նոր արգելքը տարածվում է Աֆղանստանի, Մյանմայի, Չադի, Կոնգոյի Հանրապետության, Հասարակածային Գվինեայի, Էրիտրեայի, Հայիթիի, Իրանի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի վրա։ 

Իսկ վիզային խստացված սահմանափակումների տակ հայտնված երկրներն են Բուրունդին, Կուբան, Լաոսը, Սիերա Լեոնը, Տոգոն, Թուրքմենստանը և Վենեսուելան։ 

Սոցիալական ցանցում տարածված տեսանյութում Թրամփը նոր արգելքը կապել էր հունիսի 1-ին Կոլորադոյի Բոուլդեր քաղաքում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման հետ՝ նշելով, որ դա ընդգծում է այն վտանգները, որոնք ներկայացնում են իրենց վիզան խախտած այցելուները։ The Associated Press-ը նշում է, որ հարձակման կասկածյալը Եգիպտոսից էր, սակայն այդ երկիրը նոր ցուցակում չկա։