«Ժողովուրդ» օրաթերթ-ը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում ծնված և 15 տարի վարկային ոլորտում աշխատող Նարեկ Ղուշչյանը Տավուշի մարզպետի տեղակալ է նշանակվել 2021 թվականին։
2021 թվականին Տավուշի փոխմարզպետի պաշտոնում նշանակվեց Նարեկ Ղուշչյանը, ով մինչ այդ երկար տարիներ աշխատել էր Իջևանի համայնքապետարանում, այնուհետև՝ մինչ հեղափոխությունը, «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ-ում:
Համաձայն փոխմարզպետի 2023 թվականին ներկայացրած հայտարարագրի՝ 2023 թվականի տարեսկզբին Ղուշչյանն ունեցել է 4 հողամաս, 1 անհատական բնակելի տուն եւ 1 բնակարան բազմաբնակարան շենքում, որը 2016 թվականին նվիրատվություն է ստացել։
Փոխմարզպետը հաշվետու տարում ձեռք է բերել ևս մեկ գույք՝ հողամաս։ Հետաքրքիրն այն է, որ գործարքի 2-րդ կողմ որպես փոխմարզպետը հենց ինքն իրեն է նշել։
Մարզպետի տեղակալ Ղուշչյանը հայտարարագրել է 2012 թվականին ձեռք բերված Audi մակնիշի մեքենա։
Նարեկ Ղուշչյանի բանկային հաշիվների մնացորդը կազմել է 2 մլն 270 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները կազմել են 250 հազար դրամ։
Փոխմարզպետ Ղուշչյանի տարեկան եկամուտը կազմել է 11 մլն 741 հազար դրամ, որից 2 մլն դրամը ՀՀ Տավուշի մարզի պետական կառավարչական հիմնարկից է, իսկ 9 մլն 735 հազար դրամը՝ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմից. 2 դեպքում էլ այն աշխատանքի վարձատրություն է եղել։
Փոխմարզպետի՝ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 700 հազար դրամ։
Համաձայն Տավուշի փոխմարզպետ Նարեկ Ղուշչյանի հայտարարագրի՝ 2023 թվականին նա եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Իջևանի տարածքային կազմակերպության խորհրդի անդամ։
Հավելենք, որ մամուլում Նարեկ Ղուշչյանի վերաբերյալ շատ քիչ անդրադարձ կա։
Ղուշչյանը թերևս ամենաքիչ աչքի ընկնող փոխմարզպետներից է, նա հազվադեպ է հանդիպումներ ունենում և հիմնականում գտնվում է մարզպետ Ղալումյանի ստվերում:
Հիշեցնենք՝ 2022 թվականին Նարեկ Ղուշչյանի անունը նոր էր շրջանառվում՝ կապված երիտասարդին վրաերթի ենթարկելու դեպքի հետ:
Հոկտեմբերի 23-ին վրաերթ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:40-ի սահմաններում 41-ամյա Նարեկ Ղուշչյանը Nissan մակնիշի 550 LL 60 համարանիշի ավտոմեքենայով Ռուբինյանց փողոցում վրաերթի էր ենթարկել 20-25 տարեկան մի տղայի։ Վարորդը փախուստի չէր դիմել, օգնել էր վրաերթի ենթարկվածին և իր ավտոմեքենայով տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: