+ 96,4 մլն եվրո․ Ոչ մի շաբաթ՝ առանց արտաքին պ...

Կառավարությունը այսօրվա՝ նոյեմբերի 27-ի նիստում համաձայնություն տվեց Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» համաձայնագրին։ Բնականաբար՝ որոշումն ընդունվեց առանց քննարկելու։
2025 թվականի հուլիսի 22-ին և 23-ին ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» (այսուհետ՝ Ծրագիր) վարկային համաձայնագիրը: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից՝ 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրոն՝ ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։ Վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում վերջինիս ստորագրման ամսաթվից հետո 180 (հարյուր ութսուն) օրը։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ  վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։
Ծրագիրը, ըստ հիմնավորման, նպատակ ունի մեծացնելու Հայաստանի զբոսաշրջության ներուժը՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքային և «փափուկ» ներդրումների իրականացման միջոցով։ Մասնավորապես՝ Ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունը Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները