Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ճեպազրույցում հաստատել է հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից առաջ տեխնիկական կառավարության կազմը ներկայացնելու ծրագրերը և կոչ է արել չորս հիմնական ընդդիմադիր կոալիցիաներին վերահաստատել իրենց հավատարմությունը «Վրացական խարտիայի» նկատմամբ: Այս մասին գրում է civil.ge կայքը:
Զուրաբիշվիլին ասել է, որ կատարել է վրաց հասարակությանը տված խոստումը, որ երկիրը կվերադարձնի Եվրոպա՝ միավորելով քաղաքական կուսակցությունները մի խարտիայի շուրջ, որը, ըստ էության, գործողությունների ծրագիր է՝ Եվրոպա վերադառնալու, երկիրը Ռուսաստանի ազդեցության գոտի վերադառնալուց փրկելու և Վրաստանի առաջընթացն ապահովելու համար:
Նախագահի խոսքով՝ ինքը շարունակում է հանդիպումները ընտրություններին մասնակցող չորս հիմնական քաղաքական ուժերի հետ, որպեսզի չորս կուսակցությունների հետ, որոնք այսօր կազմում են եվրոպական հարթակ, անցեն այս խարտիայի բոլոր կետերով և ևս մեկ անգամ նրանցից ստանան հստակ խոստում, որ այն ամբողջությամբ կիրականացվի։
Նախագահն ասել է, որ եվրոպական մայրաքաղաքներ կատարած իր այցի ընթացքում հանդիպել է եվրոպացի առաջնորդների հետ և նրանցից խոստում ստացել, որ եթե խարտիան կյանքի կոչվի, և եթե լինի ընդհանուր քաղաքական կամք, իրենք արագ կվերադառնան Վրաստանի հետ բանակցություններին:
Ըստ խարտիայի՝ նախագահը ներկայացնելու է կառավարության կազմը, որը պատասխանատու է լինելու դրա դրույթների կատարման համար։ Նախագահն ասել է, որ մտադիր է ներկայացնել տեխնիկական կառավարությունը:
«Կարծում եմ՝ պետք է ներկայացնեմ ընտրություններից առաջ, որպեսզի հանրությունն իմանա, թե ով է երկիրը տանելու այս խարտիայի ճանապարհով»,- ասել է նախագահը։



