Զուրաբիշվիլին կանխատեսել է, որ ընտրություններ...

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին կանխատեսել է, որ հոկտեմբերի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում «Վրացական երազանք» կուսակցության հաղթանակի դեպքում, իրեն կարող են իմփիչմենթ հայտարարել և բանտ նստեցնել: Նրա խոսքերը մեջբերում է Mtavari հեռուստաալիքը:

«Միգուցե, ինձ իմփիչմենթի ենթարկեն և բանտ նստեցնեն, եթե դա տեղի ունենա», - պատասխանել է  նախագահն այն հարցին, թե ինչ տեղի կունենա ընտրություններում իշխող կուսակցության հաղթանակից հետո:

Հոկտեմբերի 26-ին կայանալիք ընտրություններում Վրաստանի նախագահն աջակցում է ընդդիմությանը:

Ավելի վաղ խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին հայտարարել էր, որ «Վրացական երազանք»-ը կվերսկսի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դեմ իմփիչմենթի գործընթացը. պատճառը նրա արտասահմանյան այցերն են, որոնք համաձայնեցված չեն եղել կառավարության հետ:

Վրաստանի սահմանադրության համաձայն՝ նախագահը միջազգային հարաբերություններում ներկայացուցչական լիազորություններն իրականացնում է կառավարության համաձայնությամբ: Սահմանադրության խախտումը կարող է հիմք դառնալ իմփիչմենթի համար։

Նախագահին իմփիչմենթ հայտարարելու համար անհրաժեշտ է խորհրդարանի 100 պատգամավորի ձայնը, սակայն իշխող կուսակցությունն ունի 84 ձայն։