ԶՊՄԿ-ի ներդրումները փոխում են Սյունիքի գյուղե...

Ժամանակակից բիզնեսի արդյունավետությունը վաղուց այլևս չի չափվում միայն տնտեսական ցուցանիշներով։ Խոշոր ընկերությունների գործունեության կարևոր չափանիշներից է նաև այն, թե ինչ ազդեցություն են թողնում իրենց գործունեության տարածքներում ապրող մարդկանց կյանքի որակի վրա։ Այս տեսանկյունից Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շարունակում է իրականացնել ծրագրեր, որոնք միտված են ազդակիր բնակավայրերի կայուն զարգացմանն ու բնակիչների առօրյայի բարելավմանը։

Ընկերության սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը վերջին տարիներին առավել տեսանելի է դարձել հատկապես էներգախնայողության և շրջակա միջավայրի պահպանության ոլորտում։ 2024 թվականին մեկնարկած լայնածավալ ծրագրի շրջանակում մի շարք համայնքներ անցում են կատարում ժամանակակից, էկոլոգիապես մաքուր և խնայողական էներգետիկ լուծումների։

ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ Սյունիք, Սզնակ, Դիցմայրի, Խորձոր և Բարգուշատ բնակավայրերում տեղադրվել է 273 արևային ֆոտովոլտային կայան և 227 արևային ջրատաքացուցիչ։ Ծրագրի հաջորդ փուլում ևս 51 բազմազավակ ընտանիք՝ Արծվանիկ, Սևաքար, Չափնի, Աճանան և Ըրկենանց բնակավայրերից, ստացել է ժամանակակից արևային ջրատաքացուցիչներ, որոնք տեղադրվել են նրանց բնակելի տների տանիքներին։

Այս երկու ռազմավարական ծրագրերի իրականացման համար ԶՊՄԿ-ն ներդրել է ավելի քան 227 միլիոն դրամ՝ ստեղծելով երկարաժամկետ արդյունք, որն ամեն օր զգում են ծրագրի շահառու ընտանիքները։

Ծրագրի ազդեցությունն առաջին հերթին արտահայտվում է բնակիչների կենցաղում։ Արևային համակարգերի կիրառման շնորհիվ զգալիորեն նվազում են էլեկտրաէներգիայի և ջեռուցման հետ կապված ծախսերը, իսկ ընտանիքները ստանում են ավելի կանխատեսելի և կայուն կենցաղային պայմաններ։ Միաժամանակ նախաձեռնությունն ունի նաև կարևոր բնապահպանական նշանակություն։

Ծրագրի ամենանշանակալի արդյունքներից մեկն այն է, որ նշված գյուղերի բնակիչներն ամբողջությամբ հրաժարվել են վառելափայտի օգտագործումից՝ նախընտրելով վերականգնվող էներգիայի աղբյուրները։ Սա նշանակում է ոչ միայն մաքուր օդ և ավելի առողջ միջավայր, այլև անտառային ռեսուրսների պահպանությանն ուղղված իրական ներդրում։

Այսպիսի ծրագրերը ցույց են տալիս, որ սոցիալական պատասխանատվությունը կարող է լինել ոչ թե մեկանգամյա աջակցություն, այլ երկարաժամկետ զարգացման գործիք։ Երբ ներդրումները նպաստում են մարդկանց կենցաղի բարելավմանը, կոմունալ ծախսերի կրճատմանը և շրջակա միջավայրի պահպանությանը, շահում են և՛ համայնքները, և՛ ամբողջ տարածաշրջանը։

ԶՊՄԿ-ի իրականացրած էներգետիկ ծրագրերը հենց այդպիսի օրինակ են՝ միաժամանակ նպաստելով սոցիալական բարեկեցությանը, բնապահպանական պատասխանատվությանը և Սյունիքի գյուղերի կայուն զարգացմանը։