Զոհվել է ԻՀՊԿ խոսնակ Ալի Մոհամադ Նայինին

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ կորպուսի խոսնակ գեներալ Ալի Մոհամադ Նայինին զոհվել է մարտի 20-ի լուսաբացին ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի ժամանակ։ Այս մասին հաղորդում է իրանական Tasnim գործակալությունը։

68-ամյա խոսնակը Քաշան քաղաքից էր։ Նա խոսնակի պաշտոնում նշանակվել է 2024 թվականին։

Նայինիի զոհվելու վերաբերյալ հաղորդագրություններից կարճ ժամանակ առաջ հրապարակվել է նրա հայտարարությունն այն մասին, որ Իրանը նույնիսկ պատերազմի ժամանակ հրթիռներ արտադրելու կարողություն ունի՝ չնայած ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներին։

Փետրվարի 28-ին ԱՄՆ-ի և Իսրայելի մեկնարկած հարձակումների հետևանքով զոհվել են Իրանի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում՝ երկրի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին, հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը, Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին, ԻՀՊԿ-ի գլխավոր հրամանատար Մոհամմադ Պակպուրը, Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, Իրանի «Բասիջ» ռազմականացված ուժերի հրամանատար Ղոլամռեզա Սոլեյմանին, ինչպես նաև ԻՀՊԿ-ի և բանակի մի շարք բարձրաստիճան հրամանատարներ ու հետախուզության պաշտոնյաներ։