«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի ձվի շուկայում ամենաթողություն է: Պետական մարմիններն ի զորու չեն վերահսկելու ձվի շուկան ոչ միայն գնային քաղաքականության, այլեւ որակական առումով: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ մրցակցության պետական հանձնաժողովն այս տարվա ապրիլի 5-ին «Արզնու տոհմային ԹՏԽ» ընկերության նկատմամբ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում է կայացրել:
Ավելին՝ Հանձնաժողովը հանձնարարել է նաեւ «Շիրակ» ընկերությանը, որ ամբողջությամբ հավաքի արտադրված հավկիթները բոլոր խանութներից: «Ժողովուրդ» օրաթերթը արձանագրել է, որ մինչ օրս մի շարք խանութներում վաճառվում են «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ՝ շրջանցելով Հանձնաժողովի որոշում-արգելքը: Ինչպե՞ս է ստացվում, որ արգելքի որոշման առկայության պայմաններում այսօր առեւտրի կենտրոններում վաճառվում են «Արզնի» եւ «Շիրակ» թռչնաֆաբրիկաների կողմից արտադրված «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթներ:
Այս հարցին ի պատասխան՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից հայտնել են. «Որոշումներն ուժի մեջ են մտնում դրանց պատճենները տնտեսավարողներին հանձնելու հաջորդող օրվանից: «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ՍՊԸ ծանուցումը ստացել է ապրիլի 27-ին, իսկ «Արզնու Տոհմային ԹՏԽ»-ն՝ ապրիլի 29-ին: Հանձնաժողովը վերահսկում եւ հետեւում է իր հանձնարարությունների կատարմանը, եւ օրենքի խախտման հատկանիշների առկայության դեպքում դրանց տրվելու է համապատասխան ընթացք»:
Տեղեկացնենք, որ այսօր մայիսի 19-ն է, այսինքն՝ մոտ 25 օր է անցել ՏՄՊՊՀ արգելող որոշումների ծանուցումների ժամկետից, սակայն երկու ընկերություններն էլ «ԷԿՈ» մակնշմամբ հավկիթները ազատ վաճառում են: Լուսանկարները, որ արվել են «Արզնի»-ի արտադրանքի դեպքում, «Երեւան Սիթի» սուպերմարկետում է, իսկ «Շիրակ»-ի «էկո» արտադրանքը վաճառվում է «Քարֆուր»-ում:
Եւ այստեղ խնդիրը ոչ թե վաճառողների, այլ արտադրողների մեջ է, որոնք չեն կատարում ՏՄՊՊՀ պահանջը եւ ապօրինի հավկիթներ են վաճառում, կամ էլ ՏՄՊՊՀ-ի հետ ունեն ներքին պայմանավորվածություն, որ հանձնաժողովի նախագահ Գեղամ Գեւորգյանը կփակի աչքերը, եւ անօրինական ձվերը կվաճառվեն խանութներում: Երկու դեպքում էլ իրավապահներն անելիք ունեն նաեւ Գեղամ Գեւորգյանի գործողությունների մասով:
Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում