«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից կհանվի Թուրքիայից Հայաստան շինանյութի ներկրման արգելքը: Դրան հաջորդող ամիսներին կհանվի մյուս՝ հագուստի, մաքրող միջոցների, կոշկեղենի, կոսմետիկայի եւ այլ ապրանքների ներկրման արգելքը: Նշենք, որ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներկրման արգելքի ժամկետը 2022 թվականի հունվարի 1-ին լրանում է:
«Ժողովուրդ» օրաթերթը այս թեմայի շուրջ պարզաբանում ստանալու համար դիմեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին եւ հետաքրրվեց՝ արդյոք կառավարությունը մտադիր է հանել թուրքական ապրանքների ներկրման արգելքը, թե ոչ: Մեր հարցին ի պատասխան՝ նախարարը նշեց. «Քննարկման մեջ է, մենք ամեն ինչ անում ենք, որ չթույլատրվի: Այսինքն՝ եթե գտնում ենք, որ թուրքական ապրանքների արգելքը երկարաձգելը մեր տնտեսության, տեղական արտադրության վրա դրական էֆեկտ է ունեցել ու կարող է ունենալ, համոզված եմ, որ դրա վերաբերյալ նորմալ վերլուծություն հասարակությանը կներկայացվի»:
ՔՊ-ական պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանի խոսքով՝ որոշումն ընդունելու են կառավարության մեր գործընկերները։
Ամբողջությամբ հոդվածը` օրաթերթի այսօրվա համարում