«Ժողովուրդ». Մանրամասներ Աղվերանի փակ ժողովից...

Հետաքրքիր է, որ երբ բարձրաձայնել են, թե պետք է խորացնել հայ-ռուսական հարաբերությունները, վարչապետը փակագծեր է բացել եւ ասել, թե այդ դեպքում կարող են առաջ քաշվել հարցեր, եւ իրենց առջեւ այնպիսի պայմաններ կարող են դրվել, որոնք չեն կարողանա իրականացնել: «Հարցեր են, որոնք պետք է քննարկենք»,- ասել է Փաշինյանը։

Քննարկման ժամանակ առանձնահատուկ տեղ է տրվել բանակաշինության, Սյունիքի սահմանների վերաբերյալ հարցերին, եւ ներկաները հետաքրքրվել են, թե ինչպես է պաշտպանվելու հայրենիքը կոտրված բանակով։ Եվ, ահա, այս բազմապիսի հարցերից հետո Նիկոլ Փաշինյանն է հարց տվել ներկաներին եւ հետաքրքրվել, թե արդյոք իրենց իշխանությունն այժմ հարգանք վայելում է, թե ոչ:

Եվ այդ հարցից հետո, օրինակ, պատգամավորներ Հայկ Սարգսյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Սուրեն Գրիգորյանը եւ այլք հայտարարել են, թե իշխանությունները որեւէ խնդիր չունեն, եւ ավելին՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների պահանջ չկա, եւ կարելի է չգնալ դրան: Ներկաներից միայն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն է ասել, թե իրենց ռեստարտ է պետք, եւ արտահերթ ընտրություններն անհրաժեշտություն են: Սակայն այս ամենը եղել է միայն քննարկումների մակարդակով, եւ վերջնական որոշում չի կայացվել:

Եվ, ահա, ուշագրավ է, որ միայն վարչապետի՝ Երեւան վերադառնալուց հետո է հայտնի գրառումը արվել, որ «Իմ քայլը» դեմ է արտահերթ ընտրություններին։ Աղվերանում քննարկմանը ներկաներից շատերը վերջնական որոշման մասին չեն իմացել. հերթական անգամ խմբակցության անունից հայտարարություն է տարածվել, որից ոչ բոլորն են տեղյակ եղել։ Այս իրավիճակը կարող է հանգեցնել նրան, որ անգամ առաջիկայում էլի պատգամավորական մանդատից հրաժարվողներ լինեն. նրանց անունները առաջիկայում կհրապարակենք՝ նշելով, թե խմբակցությունից ում են լիազորել համոզել պատգամավորներին, որ խմբակցությունից դուրս չգան կամ մանդատը վայր չդնեն:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ երեկ շատ թեժ իրավիճակ էր խմբակցության պատգամավորների աշխատասենյակներում, եւ շատերը «կուլիսներում» բարձրաձայնում էին, թե արտահերթ ընտրություններն իրոք անհրաժեշտ են»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում