«Ժողովուրդ»․ Առանց միջոցառման ու զորահանդեսի....

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Առանց պետական նշանակության որեւէ միջոցառման ու զորահանդեսի. այսպես գլխիկոր է Հայաստանի երրորդ Հանրապետությունը բոլորում 31-ամյակը:

Երեք տասնամյակների մեջ սա թերեւս առաջին դեպքն ու տարին է, որ այդքան թանկ գնով ձեռք բերված անկախությունը Հայաստանը պարզապես չի տոնում: Կառավարությունից դեռ օրեր առաջ էին հաստատել, որ «հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական զինված ուժերի սանձազերծած ագրեսիայի պատճառով` հետաձգվել է Անկախության օրվան նվիրված միջոցառումը։ Խոսքը «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխության մասին է, որն ասես ոչ թե անկախությունն արժեւորող միջոցառման, այլ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու կառավարական կաբինետի բենեֆիսի նմանվող երեկույթ լինի: «Այլ միջոցառումներ եւս նախատեսված չեն»,- ասում են գործադրից:

Ազգային ժողովի նախագահությունը գործադրի գործընկերներին է հետեւել ու նույնպես ոչինչ չի նախաձեռնել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում այդ մասին ասաց ԱԺ նախագահի մամուլի քարտուղար Ծովինար Խաչատրյանը:

«ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ է մեզ համար: ՀՀ ինքնիշխանությունը, ընդհանրապես անկախությունը, քննարկման ենթակա լինել չեն կարող»,- օրերս խորհրդարանում նման բարձրագոչ հայտարարությամբ հանդես եկող Փաշինյանի իշխանության օրոք, փաստորեն, անտեսվում է Անկախության տոնը, որ ձեռք է բերվել ավելի քան յոթդարյա պետականություն չունենալուց հետո: Եւ որեւէ կերպ չնշելը, թեկուզ փոքրիկ շքերթի կամ այլ ձեւաչափով, պարզապես խայտառակություն է, ինչին, ցավոք, հայ հասարակությունը համակերպվում ու հանդուրժում է: Անկախ ամեն ինչից, Հայաստանը, այո, արյան, զրկանքների ու թանկ գնով ձեռք բերված Անկախություն պետք է ունանա ու դարեր շարունակ տոնի այն, հետեւաբար՝ շնորհավո՛ր տոնդ, անկա՛խ Հայաստան:

Ամբողջությամբ հոդվածը՝  «Ժողովուրդ»   օրաթերթի այսօրվա համարում