Դարեր ի վեր Եկեղեցին անցել է մաքառումների հոլովույթներով ու փորձությունների բովով։ Պատահել է և այնպես, որ երբ նրա մարմնի վրա վերք է գոյացել, գտնվել են մարդիկ, որոնք առաջ են եկել ոչ թե այն բուժելու, այլ ցավը խորացնելու, ոչ թե մոլորյալին վերադարձնելու, այլ սեփական շահը փնտրելու համար, նշում է Հայ առաքելական սուրբ եկեղեցու Գեղարքունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը։
Սրբազան Հոր խոսքով, սակայն, ինչպես հայրերը կասեին՝ հովվի մեղքը գայլին հովիվ չի դարձնում, ինչպես որ ճրագի տկարությունը` խավարը լույս, կամ մեկի անկումը՝ բովանդակ ճշմարտության հերքման պատճառ։
«Ահա այստեղ է ամենավտանգավոր նենգությունը՝ ճշմարտության մի մասն առանձնացնելն ու այն ամբողջի դեմ զենք դարձնելը. Եկեղեցու վերքերը մատնացույց անելով՝ լռել նրա սրբության ու վկայության մասին, սեփական մեղքերը չտեսնելով` քննել ու դատապարտել ուրիշներին, և այլոց տկարությունը ներկայացնել որպես սեփական ճշմարտության առհավատչյա։ Այսպես ցավը վերածվում է գայթակղության, իսկ վերքը՝ բաժանման դռան։
Եկեղեցու վերքը ցույց տվողը դեռ նրա բժիշկը չէ, ինչպես որ նրա տկարությունից օգտվողը դեռևս ճշմարտության վկա չէ։ Ուրիշի մեղքը դատապարտողը դրանով արդար չի դառնում։
Բայց Եկեղեցին սիրելն ամենևին էլ չի ենթադրում թաքցնել նրա վերքերը, ինչպես որ նրա սխալները բացահայտելն ինքնին դեռ չի նշանակում ծառայել ճշմարտությանը. ճշմարիտ սերը չի ստում և չի չարախնդում՝ պաշտպանելիս ու բացահայտելիս։ Այն հանդիմանում է՝ սոսկ բուժելու համար, ուղղախոսում է՝ շտկելու նպատակով և ցավում ու հեկեկում է նույնիսկ այն ժամանակ, երբ ստիպված է դատապարտել։
Որովհետև ապաշխարությունը Եկեղեցու պարտությունը չէ, այլ ապաքինումն ու նրա զավակների վերադարձն առ ճշմարտություն։ Իսկ ով ուրիշների անկման վրա է կառուցել սեփական արդարությունը, դեռ չի ապացուցել իր անսայթաքությունը։
Ուստի հարկ է սիրել՝ առանց ձանձրանալու, քննել՝ առանց ատելու, պաշտպանել՝ առանց դատափետելու և խոստովանել՝ առանց բաժանման գործիքի վերածվելու։
Քանզի ճշմարտությունը չի հաստատվում ուրիշների անկմամբ, այլ ճանաչվում է իր լույսով։ Եվ հավատը չի զորանում ատելությամբ, այլ՝ սիրով, խոնարհությամբ և առ Աստված հավատարմությամբ»,- նշել է Իսահակ Սրբազանը։



