2021 թվականի հունվարի 1-ից մինչև հոկտեմբերի 27-ը դատարաններին ներկայացվել են 1700-ին հասնող կալանավորման միջնորդությունները, դրանցից մերժվել է միայն 291-ը. երբ ասում ենք, որ Հայաստանում կալանավորումը ֆետիշացվում է, դրա համար ենք ասում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ հավելելով, որ այս տեղեկությունը ստացել են Դատական դեպարտամենտից:
Նա հայտարարեց, որ նման ծավալի կալանավորումները խայտառակ թիվ է:
«Ինձ մոտ կա հիմնավոր կասկած, որ հատկապես կալանավորման միջնորդությունների բավարարումները սկիզբ են առել արտահերթ ընտրություններին հաջորդող ժամանակահատվածում, երբ քաղաքական ճնշումները դատարանների գործունեության նկատմամբ շեշտակի ավելացան: 2020-ին պատկերն այսպիսին չի եղել: Ակնհայտորեն տեսնում եմ, որ այստեղ դատարանների նկատմամբ իշխանությունների գործելաոճի կտրուկ փոփոխություն կա, այո, նաև հենց ճնշում»,- նշեց ընդդիմադիր պատգամավորը:



