Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում հաշախարհային աղոթք...

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հրավիրում է բարի կամք ունեցող բոլոր մարդկանց՝ միանալու Հայաստանին նվիրված աղոթքի օրվան, որը տեղի է ունենալու  նոյեմբերի 10-ին, Ժնևի Սուրբ Պետրոս տաճարում, Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 17:00-ին: Ընդհանրական աղոթքի արարողությունը տեղի է  ունենում COP29 համաժողովի բացման նախօրեին, որն այս տարի անցկացվում է Ադրբեջանում։

Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը խնդրանքով դիմել է բոլորին՝ միանալու Ադրբեջանում պահվող հայ պատանդների համար աղոթքին։ «Մենք համոզված ենք, որ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի կողմից անցկացվող նման համաշխարհային աղոթքը կխրախուսի քրիստոնեական համայնքների, դիվանագիտական առաքելությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և միջազգային համապատասխան բոլոր կազմակերպությունների մասնակցությունը, - ասել է Ամենայն Հայոց կաթողիկոսը։- Մենք անկեղծորեն հույս ենք տածում, որ այս հոգևոր ջանքերը կբարձրացնեն համաշխարհային իրազեկությունն այս շարունակվող հումանիտար ճգնաժամի վերաբերյալ և կնպաստեն ճշմարտության ու արդարության վրա հիմնված խաղաղարար լուծմանը»:

Արձագանքելով Ամենայն Հայոց Կաթողիկոսի այս կոչին՝ Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը հրավիրում է բարի կամքի տեր բոլոր մարդկանց նոյեմբերի 10-ին միանալու Հայաստանի համար աղոթքի օրվան՝ հանուն խաղաղության, փախստականների աջակցման և պատերազմի պատանդների ազատ արձակման։

Նոյեմբերի 10-ը պատահական ընտրված օր չէ․ դրա հաջորդ օրը Բաքվում մեկնարկելու են COP29-ը՝ ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխությունների մասին բանակցությունները։ COP29 գագաթնաժողովը բացառիկ հնարավորություն է աջակցելու Ադրբեջանում ապօրինաբար պահվող 23 հայ պատանդների, ինչպես նաև ադրբեջանցի քաղբանտարկյալների և լրագրողների անվերապահ ազատ արձակմանը:

Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը Հայաստանին նվիրված ընդհանրական աղոթքն անցկացնելու է հայ համայնքի հետ համագործակցությամբ: