Ժնևի ՄԱԿ-ի գրասենայկում բացվել է Հայաստան-Ֆրա...

Հոկտեմբերի 31-ին Ժնևում՝ Միավորված ազգերի կազմակերպության գրասենյակում, տեղի է ունեցել Հայաստան-Ֆրանսիա բարեկամության սենյակի հանդիսավոր բացումը։ ՄԱԿ-ի աշխատանքային սենյակներից մեկը, որտեղ անցկացվում են միջազգային հանդիպումներ ու միջոցառումներ այսուհետ կրելու է այս անունը։ Այդ կապակցությամբ սենյակում զետեղվել են գեղանկարիչ Ժան Պողոսյանի մեծադիր ստեղծագործությունները, որոնցից մեկը խորհրդանշում է Հայաստանը, մյուսը՝ Ֆրանսիան։ Սենյակի մուտքին տեղադրվել է Ժան Պողոսյանի հեղինակած հուշակոթողը, որի պատվանդանին հայերեն ու ֆրանսերեն լեզուներով արձանագրվել է, որ այն ձոնված է Հայաստանի ու Ֆրանսիայի բարեկամությանը։ Արվեստի բոլոր ստեղծագործությունները նվիրվել են Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակին՝ մնայուն ցուցադրության համար։  

Հանդիսավոր արարողությանը բացման խոսքով հանդես են եկել ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ, հայ-ֆրանսիական խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, ՀՀ մշտական ներկայացուցիչ Անդրանիկ Հովհաննիսյանը, Ֆրանսիա-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ, սենատոր Ժիլբեր-Լուկ Դեվինան,  Ֆրանսիայի մշտական ներկայացուցիչ Ժերոմ Բոնաֆոնը, ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայան և արվեստագետ Ժան Պողոսյանը։

Բանախոսները, շնորհավորելով այս նշանակալի իրադարձության կապակցությամբ, ընդգծել են, որ ՄԱԿ-ի շենքում նման սենյակի անվանակոչումը Հայաստանի ինքնիշխանության կարևոր խորհրդանշանն է։ Անդրադարձներ են կատարվել Հայաստանի պատմությանը, անկախությանը, հայ-ֆրանսիական դարավոր կապերին ու ընդլայնվող համագործակցությանը։

Ելույթներից հետո տեղի է ունեցել Ժնևում Հայաստանի մշտական ներկայացուցչության կազմակերպած Հայաստանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված ընդունելություն։

Միջոցառմանը ներկա էին Ժնևում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, դիվանագետներ, շվեյցարահայ համայնքի անդամներ, հասարակական գործիչներ, մշակույթի և գիտության ոլորտի ներկայացուցիչներ: