Ժամանակն է ակտիվացնել Ռուսաստանի և Ադրբեջանի միջև վերջերս թուլացած մշակութային ու հումանիտար կապերը։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Կալուգինը։
Դիվանագետն ընդգծել է, որ լիարժեք երկկողմ համագործակցությունն անհնար է պատկերացնել առանց սերտ մշակութային և հումանիտար կապերի։ «Ցավոք, վերջին շրջանում հենց այդ կապերն են մեզ մոտ «նահանջ ապրել», և այժմ դրանք ակտիվացնելու ժամանակն է»,- նշել է նա։
«Մենք ունենք հեռանկարային նախագծեր, ինչպիսիք են Ադրբեջանում Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հիմքի վրա համատեղ բուհի ստեղծումը, ինչպես նաև Մոսկվայում և Բաքվում երկու երկրների դեսպանություններին կից դպրոցների հիմնումը։ Հույս ունենք մոտ ապագայում վերականգնել Ռուսաստանի տեղեկատվական-մշակութային կենտրոնի գործունեությունը։ Գաղափարներ կան նաև Ռուսաստանում և Ադրբեջանում մեր պետությունների ականավոր գործիչների հուշարձանների տեղադրման վերաբերյալ»,- պատմել է դեպարտամենտի տնօրենը։
Նրա խոսքով՝ հանրության կողմից պահանջարկ կա ստեղծագործական խմբերի հյուրախաղերի վերսկսման, երիտասարդական և միջտարածաշրջանային համաժողովների պարբերական անցկացման ուղղությամբ։ «Մի խոսքով՝ անելիքները շատ են։ Կարևոր է, որ երկու կողմից էլ կա գիտակցում՝ անհրաժեշտ է ընդլայնել այս ուղղությամբ աշխատանքն ու լրացնել բաց թողնվածը»,- ընդգծել է դիվանագետը։



