«Ամուլսարի հիմնախնդիրը, կարծես թե, յուրօրինակ սահմանագծի կարգավիճակ է ստացել։ Վարչապետ Փաշինյանն ի վերջո անցավ այդ սահմանագիծը՝ անցյալում թողնելով հեղափոխական պատրանքներն ու հանրային ակնկալիքները։ Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի կառավարումը պայմանականորեն կարելի է բաժանել երկու շրջափուլի՝ մինչև Ամուլսարի հանքի մասին դիրքորոշում հայտնելն ու դրանից հետո։
Ասվածի համատեքստում տրամաբանական հարց է առաջանում․ մի՞թե արժեր հանուն Ամուլսարի այսպիսի զոհաբերության գնալ։ Մի՞թե կարելի էր այդքան շուտ մսխել քաղաքական կապիտալն ու վստահությունը։
Եթե փորձենք վերլուծել կառավարության վերջին մեկ տարվա գործունեության առանձնահատկությունները, ապա կանգ կառնենք երկու հիմնական մոտեցումների վրա, որոնք են՝ կարճաժամկետ որոշումների կայացում և վիճակագրական մանիպուլյացիա։ Ամուլսարն ահա այս երկու մոտեցումների հետևանքն է, որը մերկացնում է կառավորող թիմի գաղափարական սնանկությունն ու ճիշտ որոշումներ կայացնելու անկարողությունը։
Շատերը չեն կարողանում պատկերացնել իրավիճակի լրջությունը, բայց փաստն այն է, որ Նիկոլ Փաշինյանն ինքն իր ոտքերի տակ ական տեղադրեց, որը ամեն պահ կարող է պայթել։ Իսկ դա այնքան վտանգավոր է, որ նույնիսկ նախկին ռեժիմի և ռեևանշիստների դեմ ուղղված պայքարը այլևս չի ապահովելու այն հանրային կոնսոլիդացիան, որը անցյալում կար։
Իրավիճակն այս հասկանալի կլիներ վարչապետի պաշտոնավարման ավարտի ժամանակ, բայց վարչապետ դառնալուց ընդամենը մեկ տարի անց վարկանիշի ու վստահության մսխումը պարզապես արկածախնդրություն է։ Չէ՞ որ իշխանության այլընտրանքի բացակայության պայմաններում լեգիտիմ կառավարության լեգիտիմության աստիճանական փոշիացումը կարող է վերստին պարարտ հող նախապատրաստել ավտորիտարիզմի տարածման համար։ Այսպիսով՝ վարչապետը երեկ թույլ տվեց իր պաշտնովարման ընթացքի ամենակոպիտ սխալը, ինչի հետևանքները կարող են չափազանց ծանր լինել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:



