Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինն այսօր՝ մայիսի 9-ին, լրագրողների հետ զրույցում մեկնաբանել է ՌԴ–ում Հայաստանի դեսպան Գուրգեն Արսենյանին Ռուսաստանի ԱԳՆ կանչելու փաստը։
«Ես առաջարկում եմ հիմնվել հրապարակված պաշտոնական հայտարարությունների վրա: Ես ավելացնելու ոչինչ չունեմ», — ասաց Կոպիրկինը։
Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Ռուսաստանի ԱԳՆ էր կանչվել Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գուրգեն Արսենյանը։
«Դիվանագիտական ներկայացուցչության ղեկավարին հայտարարվել է, որ անընդունելի է Հայաստանի տարածքում՝ ԵՄ հովանու ներքո վերջերս անցկացված միջոցառումների շրջանակում «հարթակ» տրամադրելը Կիևի նեոնացիստական ռեժիմի առաջնորդ Վ. Զելենսկուն՝ Ռուսաստանի հասցեին ահաբեկչական սպառնալիքներ հնչեցնելու համար։
Ընդգծվել է, որ Մոսկվայում այս կապակցությամբ արդարացի վրդովմունք են զգում և համարում են, որ պաշտոնական Երևանի կողմից նշված այցելուի նման բացահայտ վարքագծի նկատմամբ պատշաճ բացասական գնահատականի բացակայությունը չի համապատասխանում ռուս-հայկական հարաբերությունների գործընկերային բնույթին», — հայտարարել են ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունում։



