Կորեայի ժողովրդական բանակի զինծառայողները մասնակցել են Կարմիր հրապարակում անցկացված շքերթին, որը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 81-րդ տարեդարձին, գրում է RTVI-ը։
Այս տարի Հաղթանակի շքերթն անցկացվել է կրճատված ձևաչափով։ Կարմիր հրապարակով քայլերթով անցել են «հատուկ ռազմական գործողության» մասնակիցների շարասյուները, ՌԴ զինված ուժերի տարբեր զորատեսակների և բարձրագույն ռազմական ուսումնական հաստատությունների կուրսանտները, ինչպես նաև անօդաչու համակարգերի մասնագետները։ Սուվորովյան և Նախիմովյան ուսումնարանների սաները շքերթին չեն մասնակցել։
«Օպերատիվ իրավիճակով» պայմանավորված՝ մեքենայացված շարասյունը շքերթին չի մասնակցել։ Դրա փոխարեն հեռարձակման ընթացքում ցուցադրվել է «հատուկ ռազմական գործողությանը» մասնակցող կամ մարտական հերթապահություն իրականացնող տարբեր զորատեսակների գործունեությունը։
Մասնավորապես՝ ցուցադրվել է Ռազմավարական նշանակության հրթիռային զորքերի և Օդատիեզերական ուժերի կառավարման կետերում մարտական հաշվարկների աշխատանքը, ինչպես նաև Ռազմածովային նավատորմի նավերում իրականացվող ծառայությունը։ Կարմիր հրապարակի երկնքում ցուցադրական թռիչքներ են իրականացրել «Ռուսսկիե վիտյազի» և «Ստրիժի» ավիացիոն պիլոտաժային խմբերը։
Շքերթն ընդունել է ՌԴ պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը, իսկ հրամանատարն է եղել Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար Անդրեյ Մորդվիչևը։



