Սա քաղաքական գործընթաց էր, և դեռևս չեմ շտապի գնահատականներ տալ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ պատասխանելով հարցին, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանն իրավունք ունե՞ր կոչ անել արգելափակել դատարանները։
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հայտնի հայտարարության ժամանակ ասել էր, որ բոլոր այն դատավորներն, ովքեր իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ և օբյեկտիվ, պետք է հրաժարական տան՝ այդպիսով կարևոր ծառայություն մատուցելով Հայաստանի Հանրապետությանն ու նրա ժողովրդին: Հարցին՝ ինչպես կարող է դա լինել, Զեյնալյանը պատասխանեց, որ դա դատավորի ներքին խնդիրն է՝ ավելացնելով. «Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ, կարող է հրաժարական տալ և պետք է հեռանա։ Սա սեփական կամքով որոշում կայացնելու մասին է»։
Նախարարը ընդգծեց՝ վարչապետի հայտարարությունը քաղաքական ուղերձ էր այն դատավորներին, ովքեր կհասկանան, որ իրենք մարդու իրավունքների պաշտպանության հարցում ունեցել են այլ վերաբերմունք, քան հուշում է ՀՀ Սահմանադրությունը։
Հարցին՝ ի՞նչ է կարծում, կլինե՞ն հեռացող դատավորներ, Զեյնալյանը չբացառեց. «Ով կգտնի, որ ինքն անաչառ չէ, կարող է հրաժարական տալ և պետք է հեռանա։ Սա սեփական կամքով որոշում կայացնելու մասին է»։



