Զելենսկին Ուկրաինայում ՌԴ ամենախոշոր գրոհների...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մեկնաբանել է ռուսական զորքերի օգոստոսի 26-ի զանգվածային գրոհը։ Զելենսկու տեսանյութը եւ ուղերձի տեքստը հրապարակվել են սոցցանցերում։

«Այժմ ամբողջ երկրում շարունակվոմ է ռուսական հարվածի հետեւանքների վերացումը։ Դա ամենամեծ հարվածներից մեկն էր՝ կոմբինացված։ Տարբեր տեսակի ավելի քան հարյուր հրթիռներ եւ մոտ հարյուր «շահեդներ»,- հայտնել է Զելենսկին։

Նրա խոսքով՝ գրոհի նպատակը քաղաքացիական կրիտիկական ենթակառուցվածքն է՝ էներգետիկայի օբյեկտների վնասումը։ Զելենսկին նշել է, որ կան զոհեր, տասնյակ վիրավորներ։

«Պուտինն իրեն չի դավաճանում, նա հիվանդ էակ է, բոլորին արդեն դա հասկանալի է։ Բայց նաեւ հասկանալի է, որ նա կարող է անել միայն այն, ինչն աշխարհը նրան թույլ է տալիս անել։ Թուլությունը, որոշումների անբավարարությունը սնում են ահաբեկությունը։ Եվ ամեն մի ղեկավար, մեր ամեն մի գործընկեր գիտի, թե որքան ուժեղ որոշումներ են պետք, որպեսզի այս ամբողջ պատերազմը դադարեցվի, եւ դադարեցվի արդարացիորեն։ Չի կարող լինել Ուկրաինայում հեռահարության սահմանափակում, երբ ահաբեկիչներն այդ սահմանափակումը չունեն։ Չի կարող կյանքի պաշտպանների մոտ լինել զենքի սահմանափակում, երբ Ռուսաստանն օգտագործում է ե՛ւ բոլոր տեսակի սեփական զենքեր, ե՛ւ «շահեդներ», ե՛ւ Հյուսիսային Կորեայի բալիստիկան։ Ամերիկան, Բրիտանիան, Ֆրանսիան, մեր մյուս գործընկերներն ուժ ունեն, որպեսզի օգնեն մեզ կանգնեցնել ահաբեկչությունը։ Որոշումներ են պետք»,- ասել է Զելենսկին։

Ռուսական զորքերը օգոստոսի 26-ի առավոտյան զանգվածային հարված են հասցրել Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին։ Թիրախ են դարձել էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտները երկրի տարբեր մարզերում, հայտնել է Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը տեղեկացրել է, որ գրոհի հետեւանքով տուժել է 15 մարզ։ ՌԴ ՊՆ-ում հայտնել են, որ «զանգվածային հարված են հասցրել գերճշգրիտ զենքով» էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներին, որոնք ապահովում են Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի աշխատանքը։