Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Կոբախիձեի,...

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի իշխանությունների դեմ՝ հաստատելով երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Այս մասին նա հայտնել է իր թելեգրամյան ալիքում։

«Ես ստորագրել եմ հրամանագիր, որն ուժ է տալիս Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի՝ պատժամիջոցների մասին որոշմանը: Սրանք պատժամիջոցներ են իշխանության այն հատվածի դեմ, որը Վրաստանը հանձնում է Պուտինին: Միջազգային հարաբերություններում այսպես է լինում, եթե ժամանակին չես արձագանքում կամ անսկզբունքորեն ես արձագանքում, այդ դեպքում տասնամյակներ են կորչում, և երկրները զրկվում են իրենց ազատությունից։ Այս տարածաշրջանում ոչ մեկին չի կարելի կորցնել՝ ո՛չ Վրաստանին, ո՛չ Մոլդովային, ո՛չ Ուկրաինային։ Մենք պետք է միասին պաշտպանվենք Մոսկվայից»,- ասվում է հրապարակման մեջ։ Բացի այդ, Զելենսկին կոչ է արել Եվրոպային և ԱՄՆ-ին գործել նույն սկզբունքայնությամբ։

Պատժամիջոցների ցուցակում են Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն և Թբիլիսիի քաղաքապետ, իշխող «Վրացական երազանք՝ ժողովրդավարական Վրաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Կախա Կալաձեն, «Վրացական երազանք»-ի հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիին, մի քանի նախարարներ և երկրի ղեկավարության այլ ներկայացուցիչներ։