
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հայտարարած զինադադարը «մանիպուլյացիայի հերթական փորձն է», որը նպատակ ունի Ռուսաստանի համար «լռություն» ապահովել զորահանդեսի ժամանակ, հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ «Մենք գնահատում ենք մարդկանց կյանքը, ոչ թե շքերթները: Այդ պատճառով մենք կարծում ենք, աշխարհն է կարծում, որ մայիսի 8-ին սպասելու պատճառ չկա: «Եվ կրակը պետք է դադարի ոչ մի քանի օրով, որպեսզի հետո նորից սպանեն»,- ասել է Զելենսկին Ուկրաինայի բնակիչներին ուղղված երեկոյան ուղերձում: Մի քանի օրով հրադադարի փոխարեն Ուկրաինայի ղեկավարը պահանջել է «անհապաղ, ամբողջական եւ անվերապահ» զինադադար՝ առնվազն 30 օրով։ «Երաշխավորված եւ հուսալի լինելն այն է, ինչը կարող է հիմք հանդիսանալ իրական դիվանագիտության համար», - ընդգծել է Զելենսկին։ Նա նաեւ հիշեցրել է, որ ԱՄՆ-ը խաղաղ բանակցությունների շրջանակում դեռ մարտ ամսին առաջարկել է դադարեցնել ռազմական գործողությունները մեկ ամսով, եւ Կիեւը համաձայնել է դա անել։ Իր հերթին Սպիտակ տունը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես ցանկանում է տեսնել մշտական, այլ ոչ թե ժամանակավոր զինադադար։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լեւիթը հայտնել է, որ շարունակվող մարտերը Թրամփին ավելի ու ավելի են հիասթափեցնում ինչպես Պուտինից, այնպես էլ Զելենսկուց: Ավելի վաղ Կրեմլը միակողմանի զինադադար էր հայտարարել՝ ի պատիվ Հաղթանակի 80-ամյակի։ Այն կգործի մայիսի 8-ի կեսգիշերից մինչեւ մայիսի 11-ի կեսգիշերը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այս որոշումը անվանել է Պուտինի «բարի կամքի դրսեւորում», ինչը ցույց է տալիս, որ Ռուսաստանը պատրաստ է «խաղաղ կարգավորման հետագիծ մտնել»։ Միաժամանակ Կրեմլն ընդգծել է, որ հրադադարի խախտման դեպքում ուկրաինական կողմին կտրվի «համարժեք եւ արդյունավետ պատասխան»։