
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին կարևորել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ Լոնդոնում օգոստոսի 14-ին կայացած երկկողմ հանդիպումը։ Հանդիպման մասին Զելենսկին գրել է X սոցիալական հարթակում։
«Լավ, արդյունավետ հանդիպում Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ։ Մենք շարունակում ենք համակարգել մեր դիրքորոշումները», - նշել է Զելենսկին։
Նա հավելել է, որ օգոստոսի 13-ին Կիևի բոլոր գործընկերների հետ միասին, իսկ օգոստոսի 14-ին երկկողմ ձևաչափով քննարկվել են Ալյասկայում ԱՄՆ և ՌԴ նախագահների միջև կայանալիք հանդիպումից ակնկալիքները և հնարավոր հեռանկարները։
«Մենք նաև բավականին մանրամասն քննարկեցինք անվտանգության երաշխիքները, որոնք կարող են խաղաղությունը դարձնել իսկապես կայուն, եթե Միացյալ Նահանգները հաջողության հասնի Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հարցում՝ դադարեցնելու սպանությունները և զբաղվելու իրական, առարկայական դիվանագիտությամբ», - գրել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու խոսքով՝ նրանք նաև քննարկել են ուկրաինական բանակին և պաշտպանական արտադրությանն աջակցելու ծրագրերի շարունակությունը։
«Ցանկացած սցենարի դեպքում Ուկրաինան կպահպանի իր ուժը։ Քիրի հետ մենք նաև խոսել ենք զենքի մատակարարման այնպիսի մեխանիզմների մասին, ինչպիսին է PURL ծրագիրը, և ես կոչ արեցի Մեծ Բրիտանիային միանալ դրան։ Իհարկե, մենք նաև քննարկել ենք մեր հարյուրամյա գործընկերության համաձայնագիրը։ Ուկրաինան պատրաստվում է վավերացնել այն օգոստոսին, և արդյունքում մենք կկարողանանք անցկացնել Ուկրաինա-Մեծ Բրիտանիա ընդլայնված հանդիպում», - ընդգծել է նա։
Զելենսկին նաև կարևոր է համարել ուկրաինական անօդաչու թռչող սարքերի արտադրության մեջ ներդրումների քննարկումը: Նրա խոսքով՝ կա արտադրության ծավալները մեծացնելու զգալի ներուժ, և դրա համար անհրաժեշտ է անհապաղ ֆինանսավորում: