
Զանգեզուրի Պղնձամոլիբդենային Կոմբինատը (ԶՊՄԿ) պաշտոնապես ներկայացրել է իր 2024 թվականի կայուն զարգացման հաշվետվությունը` հոկտեմբերի 3-4 ը անցկացվող «Հայաստանի Հանքարդյունաբերության Ֆորումի» ընթացքում՝ վերահաստատելով նվիրվածությունը թափանցիկությանն ու կայուն զարգացմանը։ Սա ԶՊՄԿ-ի կողմից հրապարակվող չորրորդ անընդմեջ հաշվետվությունն է՝ դարձնելով ընկերությունը Հայաստանում միակը, որը հետևողականորեն իրականացնում է ԲՍԿ հաշվետվություն։
Այս տարվա հաշվետվությունը կազմվել է համահունչ միջազգային առաջատար չափորոշիչներին (ներառյալ՝ GRI, SASB և TCFD)։ ԶՊՄԿ-ն այս տարի առաջին անգամ հղում ունի նաև Բնության հետ կապված Ֆինանսական Բացահայտումների աշխատանքային խմբին (TNFD) և պարտավորվել է լիարժեքորեն ներառել այս շրջանակը իր հաջորդ հաշվետվության մեջ։
Զեկույցի ներկայացումը ուղեկցվել է խորքային քննարկմամբ՝ նվիրված կայուն զարգացման հաշվետվողականության թեմային, որի մասնակիցներն էին KPMG, Grant Thornton Հայաստանի, Հայաստանում Համաշխարհային բանկի գրասենյակի և ԶՊՄԿ ներկայացուցիչները։ Քննարկման ընթացքում քննարկվեցին ԲՍԿ ստանդարտների աճող դերը և հուսալի տվյալների կարևորությունը պատասխանատու հանքարդյունաբերության մեջ։
2024 թ. հաշվետվությունը կանցնի անկախ երրորդ կողմի կողմից իրականացվող աուդիտ, ինչը միտված է ավելացնել հաշվետվողականությունն ու շահագրգիռ կողմերի վստահությունը։ Աուդիտն իրականացնում է Grant Thornton ընկերությունը։
Զեկույցի նախաբանում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ասել է․ «Մեզ համար կայուն զարգացումը միայն որոշակի նախանշված նպատակների հասնելու միջոց չէ, այլ բիզնես մոդել է, որը նպաստում է արդյունավետության բարձրացմանը, կառավարման համակարգի կատարելագործմանը, Ընկերության ամրապնդմանը և շահագրգիռ կողմերի հետ երկարաժամկետ համագործակցության ապահովմանը։ Այս սկզբունքները պարզապես ձգտումներ չեն, դրանք հիմնված են գործնականում իրականացվող հստակ նախաձեռնությունների վրա»:
ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանն իր խոսքում ընդգծել է․ «Որպես ԶՊՄԿ Կայուն զարգացման գծով տնօրեն, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում մեր հերթական՝ թվով չորրորդ Կայուն զարգացման հաշվետվությունը 2024 հաշվետու տարվա համար։ Այս հաշվետվությունը ներառում է ինչպես մեր նվաճումները, այնպես էլ բացթողումները՝ կայուն զարգացման մեր հավակնոտ նպատակներին հասնելու ճանապարհին։ Ինչպես այս դժվար ուղու նախորդ տարիներին, 2024թ-ին ևս եղան հպարտության և հիասթափության առիթներ։ Հաշվետվությունում ամփոփված են մի շարք կարևոր փաստեր, որոնք, իմ համոզմամբ, մանրամասն, ամբողջովին և անաչառորեն նկարագրում են մեր ուղին դեպի կայուն զարգացում»։
Հաշվետվության ամբողջական տարբերակը հասանելի է այստեղ։
https://www.zcmc.am/esg/reports/