Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հ...

Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մահացել է: Այս մասին գրել է նախկին պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

«Երբ ՀՀ-ում ինչ-որ մարդ սոցիալական, կենցաղային կամ քաղաքական դրդապատճառներից ելնելով նույնիսկ մտքում հայհոյում է իշխանությանը՝ կալանավորում են:

2023 թվականի սեպտեմբերին 200-ից ավելի մարդ զոհ է գնացել Արցախի ՊԲ բենզինի պահեստի պայթյունին, 22 մարդ էլ մինչ այժմ անհետ կորած է:

3 տարի է՝ քրեական գործ է հարուցված, բայց թեմայով զբաղվող չկա: Պատկերացնո՞ւմ եք՝ 200-ից ավելի զոհված ու անհետ կորած մարդ կա, բայց մեղավորներ չկան, գործով վճիռ չկա:

Այդ մարդկանցից շուրջ 7 տասնյակը ուժային տարբեր կառույցների ներկայացուցիչներ էին, շատերը մարտական դիրքերից նոր էին իջել ու այս ողբերգության զոհը դարձել:

ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանը տաքուկ կաբինետ է գտել ՊՆ-ում ու հրաժարվում է այս մարդկանց ընտանիքների հետ հանդիպել, պարզաբանումներ տալ:

Սրանք տարրական մարդկային հատկանիշներ էլ չունեն, սրանց մենակ փողն ու պաշտոնն է հետաքրքրում:

Լավ, այս մարդկանց ընտանիքներին ինչո՞ւ կարգավիճակ չի տրվում: Միլիոնավոր դոլարներ ծախսվում են զվարճանքի, պարգևավճարների և հազար ու մի հիմարությունների վրա, խիղճն ու մարդկությունն այս կարգի՞ են վերացել, որ բյուջեում կամ հայտնի հիմնադրամում միջոցներ չեն գտնվում այս ընտանիքներին փոխհատուցում տալու համար:

Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մահացել է»,- գրել է Աբրահամյանը: