Զանգեզուրի միջանցքի բացումը թույլ կտա ինտեգրե...

Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը կարևորել է Ադրբեջանի դերը որպես Անկարայի համար ռազմավարական նշանակություն ունեցող տարանցիկ հանգույց՝ դեպի Կենտրոնական Ասիա և Հեռավոր Արևելք ընդլայնվելու ճանապարհին և նշել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», գրում է թուրքական Anadolu գործակալությունը։

«Մոտ ապագայում Զանգեզուրի միջանցքի բացմամբ հնարավոր կդառնա թյուրքական աշխարհի աշխարհագրական ինտեգրումը և տնտեսական կապերի զարգացումը, միաժամանակ կակտիվանա Միջին միջանցքը, որը սկսվում է Հեռավոր Արևելքում և ձգվում մինչև Եվրոպա և կամրապնդվի տարանցիկ առևտուրը»,- ասել է նա։

Անկարայում Թուրք-ադրբեջանական ձեռնարկատերերի և արդյունաբերողների ասոցիացիայի (TÜİB) կողմից կազմակերպված «Ադրբեջան-Թուրքիա տնտեսական և մշակութային հարաբերությունների կամուրջ» միջոցառման ժամանակ ելույթ ունենալով՝ Բոլաթը նաև նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում թուրք-ադրբեջանական առևտրի տարեկան ծավալը գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշները։

«Այս տարվա առաջին ութ ամիսներին մեր ապրանքաշրջանառությունն աճել է։ Հատկապես կարևոր են ներդրումները։ Թուրքիայի ամենամեծ ներդրումներն աշխարհում, ըստ ձեռնարկատերերի և ընկերությունների թվի, Ադրբեջանում են։ Մեր ամենամեծ ներդրումային նախագիծը՝ 17 միլիարդ դոլարի չափով, նույնպես իրականացվում է Ադրբեջանում։ Իր հերթին, Ադրբեջանը Թուրքիայում մոտ 3000 ընկերություն ունի»։

Հավելենք, որ թեև օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համաձայնագրերում որևէ «Զանգեզուրի միջանցք» նախատեսված չէ, Բաքուն շարունակում է օգտագործել այդ տերմինը, որը կրկնում են նաև թուրք պաշտոնյաները։ Փաստաթղթերում խոսքը «Թրամփի երթուղու» (TRIPP) մասին է։