Ֆրանսիայի Իսուար քաղաքի ժամանակակից արվեստի կենտրոնից հոկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը գողացել են «Ապոկալիպսիս» եզակի գրքի բրոնզե կազմը, որը ստեղծել է աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալին։ Կազմը կշռում է մոտ 150 կգ, զարդարված է ոսկով, թանկարժեք քարերով և խեցիներով։ Ֆրանսիայի Կլերմոն-Ֆեռանի դատախազությունը հետաքննություն է սկսել՝ աշխատանքը որակելով որպես «բացառիկ և եզակի» ստեղծագործություն։
Գիրքն ամբողջությամբ կշռում է մոտ 210 կգ և ստեղծվել է ֆրանսիացի արվեստի հրատարակիչ Ժոզեֆ Ֆորեի նախաձեռնությամբ՝ 1958-1961 թվականներին։ Այն հիմնված է Հովհաննեսի Հայտնության՝ «Ապոկալիպսիսի» տեքստի վրա, իսկ աշխատանքին մասնակցել են 20-րդ դարի մի շարք հայտնի նկարիչներ ու գրողներ, այդ թվում՝ Դալին, Ժան Կոկտոն, Բեռնար Բյուֆեն և Էմիլ Սիորանը։ Գիրքը բաղկացած է մոտ 150 մագաղաթյա էջերից և պարունակում է շուրջ 95 հազար ձեռագիր տառ։
Ստեղծման ժամանակ այն գնահատվել էր մոտ 2 միլիոն ֆրանսիական ֆրանկով և համարվում էր աշխարհի ամենաթանկ գրքերից մեկը։ 2003 թվականին ստեղծագործությունը Ճապոնիայից ձեռք է բերել ֆրանսիացի կոլեկցիոներ Քրիստիան Կարուտզոսը՝ այն մասնատումից և առանձին վաճառքից փրկելու նպատակով։ Այժմ աշխատանքի արժեքը գնահատվում է մի քանի միլիոն եվրո։



